Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից». «Ապրիլյան» հանձնաժողովի նախագահ

Դեկտեմբեր 09,2019 13:15

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում էր ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագիծը. հանձնաժողովը նման դիմում է հղել ԱԺ նախագահությանը:

Ներկայացնելով մինչ օրս կատարված աշխատանքի ծավալը՝ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ ՊՆ-ից ստացված առաջին խմբի փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվել են. «Առ այսօր մանրակրկիտ ուսումնասիրել ենք 2684 էջ ծավալով 147 տեքստային եւ 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական-հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ եւ այլ բնույթի գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր: Դրանց ուսումնասիրման արդյունքների հիման վրա նիստեր են անցկացվել, քննվել են տասը զինծառայողներ: Այդ քննության արդյունքում կազմվել եւ հնչել են 400 հարցեր, որոնց առնչությամբ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ եւ պարզաբանումներ»:

Քոչարյանի փոխանցմամբ՝ շուտով վերջնական տեսքի կբերվի պաշտոնյաների ցանկը, որոնց պատրաստվում են լսել հանձնաժողովում. «Վերջնական թիվը կարող է հասնել 40-ի: Մեր գնահատմամբ՝ դա կտեւի մի քանի ամիս»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց՝ հետագա աշխատանքների համար պահանջվող հստակ ժամանակացույց կա՞:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ օրենքով վեց ամսից ավելի ժամանակ խնդրելու իրավունք չունեն. «Գուցե ավելի կարճ ժամանակահատվածում էլ տեղավորվենք, բայց որակապես բարձր մակարդակի եւ անթերի եզրակացություններ պետք է ներկայացնենք, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն»:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Քաղաքական շահարկումներ արդեն եղել են, ապագայում էլ կլինեն: Իսկ դիմադրության հանդիպե՞լ եք: Ե՞րբ սպասենք, որ Խաչատուրովը, Բաղմանյանը եւ Սերժ Սարգսյանը հարցաքննվեն ձեր հանձնաժողովում: Դուք հայտարարել եք այդ մասին»:

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դիմադրության չենք հանդիպել, թեեւ գուցե չհասկացված պահեր են եղել: Դրանք հաղթահարված են: Իսկ հրավիրյալները հաստատված են, ձեր նշած անձանց մենք պարտավոր ենք լսել՝ ընդհուպ մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել: Հարցեր են հավաքագրվել, որոնց վերջական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից, իսկ նրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ունեցել են կառավարման առնչություններ: Իսկ քաղաքական շահարկումը բացառվել է մինչ այս պահը»:

Արման Բաբաջանյանը հակադարձեց. «Արցախից շահարկումներ եղան: Վիտալի Բալասանյանը եւ այլ զինվորականներ հայտարարություններ արեցին: Դուք պատասխանեցիք, նաեւ՝ նպատակադրվեցիք նրանց էլ հրավիրել: Արցախի ներկայացուցիչների հետ գործակցության պատրաստակամություն ունե՞ք»:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ արցախյան կողմից լիարժեք ընկալում ունեն իրենց հանձնաժողովի հանդեպ. «Իսկ Բալասանյանի հայտարարությունները հիմնականում եղել են քաղաքական բնույթի, որովհետեւ Արցախի հերոսն այդ գործողություններում կառավարման բնույթ չի ունեցել: Մենք չենք արձանագրել դրա ապացույցը, դրա համար նրան չենք ընդգրկել հրավիրյալների ցանկում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031