2019 թվականի հոբելյանական տարեդարձների շարքում տեղ գտավ ուշագրավ մի նախաձեռնություն` նվիրված հայ մեծանուն բանաստեղծուհի, սիրված հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին:
«Հայուհիների համահայկական միությունը» և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը համատեղ կյանքի կոչեցին «Հոգու խճանկար» խորագրով ծրագիրը, որտեղ 9 հայուհիներ (Կարինե Դանիելյանը, Սիլվա Յուզբաշյանը, Կարինե Խոդիկյանը, Արմենուհի Դեմիրճյանը, Անի Եղիազարյանը, Գայանե Սամվելյանը, Շողակաթ Մելքոնյանը, Ռիտա Հարությունյանը և Սյուզաննա Մելքոնյանը) յուրովի ոգեկոչեցին բանաստեղծուհու կերպարը և խճանկարով մաս-մաս վերստեղծեցին նրա ուժեղ կին-անհատականությունը լավագույնս արտացոլած անվանի նկարիչ Հարություն Կալենցի «Սիլվա Կապուտիկյան» դիմանկարը:
Կարդացեք նաև
Ի դեպ, տեսահոլովակների ստեղծման հիմքում այդ յուրօրինակ գեղանկարի ոճով դիմահարդարումն էր: Կտավի ոգուն համապատասխան` մասնակիցները շպարվեցին կարմիր շրթներկով և այտի կարմիր գծով, ապա տուն-թանգարանի տարբեր անկյուններում հիշեցին բանաստեղծուհու մասին ուշագրավ մի պատմություն և կարդացին հատվածներ սիրելի ստեղծագործություններից:
Սիլվա Կապուտիկյանի «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» գրքի ներշնչանքը, գրական ժառանգությունից մեջբերումներն ու հարուստ կենսագրությունից պահպանված թանկ դրվագները նրանցից յուրաքանչյուրը կրում էր իր կերպարի մեջ:
Այս անդրադարձը խոնարհումի յուրօրինակ տուրք է ամենայն հայոց բանաստեղծուհու հոբելյանական տարեդարձին:
Հայուհիների համահայկական միություն