Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանից դեպի ՀՀ այլ քաղաքներ ապօրինի ուղեւորափոխադրման հարցը կքննարկի ԱԺ քննիչ հանձնաժողովը

Դեկտեմբեր 09,2019 12:43

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է վերջերս ուղեւորափոխադրումների հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը:

Հանձնաժողովի նախաձեռնող-խմբի ներկայացուցիչ, ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հայտարարեց, որ հանձնաժողովի անդամների թիվն առաջարկվում է սահմանել 15. «Սա սկզբունքային թիվ չէ, այլ սահմանված է այն նպատակով, որպեսզի ամենափոքր թվով խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կարողանա պատշաճ ներկայություն ունենալ քննիչ հանձնաժողովում»:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե որն է լինելու հանձնաժողովի քննության առարկան: Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց, որ նման հանձնաժողովները ստեղծվում են հանրային պահանջով. «Գործ ունենք մի ոլորտի հետ, որում նկատում ենք՝ տեւական ժամանակ է, ինչ, օրինակ, Երեւան-Նոյեմբերյան, Երեւան-Բերդ, Երեւան-Կապան, Երեւան-Ալավերդի, Երեւան-Հրազդան ուղղությունների առնչությամբ ունենք կանոնավոր ուղեւորափոխադրումների խնդիր, որը բարձրաձայնվել է տարբեր ձեւաչափերում եւ լուծում չի ստացել»:

Արտյոմ Ծառուկյանը հավելեց՝ կարող են ակնկալել, որ լուծումներ կլինեն. «Հանձնաժողովը չի լինելու պատժող ձեռք, այլ գործընկեր: Նպատակն այն է, որ փորձելու ենք վերհանել այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս այդ ուղղություններով կանոնավոր ուղեւորափոխադրումներ անել: Մեր թիրախում ոչ թե կազմակերպություն է, այլ քաղաքացիների համար խնդիր դարձած ուղեւորափոխադրումների հարցը: Նշյալ քաղաքների հետ Երեւանի կապն ուղղակի կտրված է: Կարծեմ 205 ներմարզային ուղեգծեր կան, որոնցից 46-ը փակվել են վերջին երեք տարում: Ուղեւորափոխադրումներ են անում անհատներ եւ կազմակերպություններ, որոնք արտոնագիր չունեն եւ հարկ չեն վճարում»:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ քաղաքից քաղաք տաքսի ծառայությունների հարցը եւս քննարկվելո՞ւ է: Ծառուկյանը դրական պատասխան տվեց. «Տաքսիները դեպի ՀՀ մի շարք քաղաքներ կանոնավոր ուղեւորափոխադրումներ են անում, որի իրավունքը չունեն: Խոսքը նաեւ առցանց հարթակում նման ծառայություն մատուցող կազմակերպության մասին է, որը տաքսի-ծառայություն չէ, այլ կապ ապահովող, բայց արձանագրել ենք դեպք, երբ նրա կողմից գին է թելադրվել: Երբ առցանց ծառայությունն է գին առաջարկում, բիզնեսի տեսանկյունից խնդիրներ են առաջանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031