Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի զինվելու նոր նկրտումը՝ հակասական հայտարարությունների ֆոնին

Դեկտեմբեր 09,2019 14:30

Ենթադրաբար՝ Ադրբեջանը ՌԴ-ի հետ կփորձի բանակցել կամ բանակցում է կործանիչների գնման շուրջ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են սպառազինության գնման նոր պայմանագիր կնքել: Ասվածը հարցեր է առաջացնում՝ կապված ՌԴ-ի հետ արդեն իսկ կնքված պայմանագրերի հետ:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նախ շեշտեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունների միջեւ ակնհայտ հակասություն կա:

«Իլհամ Ալիեւն ավելի քան մեկ ամիս առաջ ասաց, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ավելի վաղ ստորագրած 5 միլիարդ դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագրի գրեթե 3 միլիարդի պարտավորությունն է իրականացրել: Այսինքն, նա ընդգծեց, որ Ադրբեջանը փաստացի շարունակում է նախորդ պայմանագրերի իրականացումը: Այդ պայմանագրերից խոշորները ստորագրվել էին 2011թ.-ին: Դրանցով Ադրբեջանը ստացավ տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ, հարվածային ուղղաթիռներ՝ այն, ինչ մենք արդեն տեսել ենք: Իսկ 2016թ.-ին ռուսական մամուլը գրեց, որ Ադրբեջանի ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ ռուսական զենքի մատակարարումների առնչությամբ հետաձգումներ կան: Դառնալով Ալիեւի հայտարարությանը՝ ստացվում է, որ Ադրբեջանն առնվազն 2 միլիարդ դոլարի չկատարված պայմանագրեր ունի ՌԴ-ի հետ: Նման պայմաններում ռուսական կողմի հետ նոր պայմանագրերի մասին հայտարարելը, կարծում եմ, տրամաբանական չէ: Բացառել հնարավոր չէ, բայց, կարծում եմ՝ նախ եղած պայմանագրերը պետք է կատարել, հետո՝ մտածել կամ խոսել նորերի կնքման եւ իրականացման մասին»,-արձանագրեց Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ ներկայում Ադրբեջանը ՌԴ-ի հետ սպառազինության ձեռքբերման նոր պայմանագիր կնքի, դրա իրականացումն անմիջապես չի կարող լինել, այլ՝ տարիների ընթացքում. «Չկա պատրաստի սպառազինություն, որը վաճառում են: Դրա շուրջ համաձայնության են գալիս, ըստ պայմանագրի՝ սկսվում է արտադրությունը, որից հետո՝ տրամադրվում գնորդին»: Մեր զրուցակիցը հավելեց՝ ենթադրվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ կփորձի բանակցել կամ բանակցում է կործանիչների գնման շուրջ, քանի որ ելնելով իր զինված ուժերի վիճակից՝ դա է առաջնահերթությունը:

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր էսկալացիան թույլ չտալու համար, եւ որ ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահից, պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի՝ զենք ձեռք բերելու դիմումները: Դեկտեմբերի 6-ին էլ ԱԺ ամբիոնից նա հայտարարեց՝ 2018թ.-ից ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031