ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հավաստմամբ՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, միակողմանակի, խտրական մոտեցում է, ինչը չի կարող լինել հակամարտության կարգավորման հիմք:
«Առավոտը» Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ի՞նչ նկատի ուներ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները ծանր ու լուրջ որակելով, նա պատասխանեց. «Իհարկե, պիտի ծանր լինի, եթե Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից, իր ռեւանշիզմից: Ի՞նչ է՝ պետք է թեթեւ՞ լինեն բանակցությունները, թե՞ պարոն Մամեդյարովը սպասում է, որ հանձնվելու է հայկական կողմը: Իհարկե, նման բան տեղի ունենալ չի կարող, հետեւաբար կարեւորն այն է, որ բանակցային գործընթացի շարունակականություն ապահովվի, խաղաղության գործընթաց ապահովվի: Բայց դա չի նշանակում, որ այս հրամայականը պետք է իրականացվի ի հաշիվ մեր անվտանգության, արժանապատվության, մեր պետականության կորստի հաշվին, հետեւաբար բանակցություններն, իհարկե, շարունակվում են, բայց լինելու են բարդ ու ծանր: Այդ հարցի բնույթն է այդպիսին»:
Հարցին՝ այն, որ Ադրբեջանը դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում սպասվող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նախօրեին հրապարակեց Արցախի հիմնահարցի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնող փաստաթուղթ, դա նշանակում է այսպես կոչված Լավրովի պլանից հրաժարո՞ւմ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ես նույնիսկ չեմ իմանում՝ կա՞ Լավրովի պլան, չկա՞: Սրանք ինչ-որ պիտակներ են, որոնք որակավորվում են, բայց նման ծրագիր չկա: Լավրովն ինքը չի հայտարարել, որ պլան ունի եւ այս առաջարկն է ներկայացնում: Նախեւառաջ, դա պիտի բոլորի կողմից համաձայնեցված լինի, եւ այդպիսի բան առհասարակ չկա: Իսկ Ադրբեջանի նման պահվածքը սպասելի էր. դրա համար երեք գումարած երկու ձեւաչափով հայտարարություն Բրատիսլավայից հետո չստորագրեցին: Մինսկի խմբի համանախագահներն այդ հայտարարությանը եկան: Ադրբեջանի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսին է Բաքվի դիրքորոշումը: Որեւէ դրական դինամիկա Բաքվի պահվածքում մենք չենք նկատում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միակողմանակի, խտրական մոտեցում է, ինչը չի կարող լինել հակամարտության կարգավորման հիմք: Այդպես չեն կարգավորում, այդպես կապիտուլյացիայի են ենթարկում, բայց մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվի եւ պարտվող կողմ չենք: Բայց դա չի նշանակում, որ պիտի հանգստանանք եւ որեւէ քայլ չձեռնարկենք: Հակառակորդը նենգ, խորամանկ եւ ուժեղ է: Մեր միասնականությունն անընդհատ պիտի ուժեղացնենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք»:
Դիտարկմանը՝ փաստորեն, Լավրովի այն հայտարարությունը, որ փոխզիջումների հնարավորություն կա, դա՞ էլ հոդս ցնդեց, Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց. «Հնարավորություն միշտ էլ կա: Դա չի նշանակում, որ այն իրական է, քանի որ Ադրբեջանը որեւէ հիմք չի թողնում: Իհարկե, Լավրովը պիտի ասի, որ հնարավորություն կա, եւ դա ճիշտ է, քանի որ պիտի ձգտել դրան: Եթե հնարավորություն չլինի, առհասարակ բանակցություններ չեն վարվի: Դա երկարատեւ, ժամանակատար գործընթաց է»:
Կարդացեք նաև
Դավիթ Բաբայանին հիշեցրինք՝ որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ Արցախը, փաստացի, դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եթե նախկինում նրա ղեկավարությունը ուներ միասնական (եւ բավական կոշտ) դիրքորոշում, եւ դա զսպող գործոն էր մնացածների համար, այսօր ներքաղաքական մրցակցությունը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խիստ բարդացրել է այդպիսի դիրքորոշման ձեւավորումը, եւ փաստացի դյուրացրել Ադրբեջանի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը ասաց, թե չի կարծում, որ դա իրական է. «Անկախ ամեն ինչից Արցախի քաղաքական դաշտի, իշխանության ներկայացուցիչները քաղաքական կուսակցությունները, բացարձակ մեծամասնությունը՝ մեկ-երկու խենթից բացի, ունեն միասնական մոտեցում: Դա ոչ թե նշանակում է, որ նրանք միասնական են, բնական է, բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսի մրցակիցներն են, բայց չեմ կարծում, որ ողջամիտ մարդկանցից որեւէ մեկը կարող է համաձայնել, որ Արցախը կորցնի իր անկախությունը, անվտանգությունը: Սա մի միասնական մոտեցում է, որը արդեն տասնյամյակներ մեր ժողովուրդն ու հասարակությունն ունի: Չեմ կարծում՝ ժողովրդի եւ հասարակության համար ընդունելի են նման պարտվողական եւ մեր դիրքերը թուլացնող մոտեցումները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
9.12.2019