«Հիշենք, թե երբ եղան հայտնի կարգավորումները՝ 2007թ.-ի հոկտեմբերին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, եւ Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ-ն արդեն համալրել էր իր քրեական ընկերներով ու օլիգարխներով, անհրաժեշտ էր համարել, որպեսզի ամբողջ տեղեկությունները հավաքեր իր բռում՝ ԱԱԾ-ում, եւ դրանով, փաստորեն, ոստիկանությանը զրկեց գաղտնալսելու հնարավորությունից՝ փոխզսպումների հնարավորությունից ամբողջությամբ զրկելով ուժային այդ հատվածը»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ-ից բացի գաղտնալսելու իրավունք տալ նաեւ ոստիկանությանը, ինչն այդ կառույցից «վերցվել» էր 2007թ.-ին:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ի պատասխան հայտարարեց՝ գործադիրն այս պահին դեմ է այս օրինագծին, որովհետեւ նախարարությունն ակտիվ մշակում է այդ թվում ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը, որն ավարտին չի հասցվել:
Կարդացեք նաև
«Կառավարությունը չի ասում «ոչ», այլ ասում է, որ հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չի կարող ունենալ գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն: Ասում եք, թե ոստիկանությունը չունի գաղտնալսելու հնարավորություն: Ունի, բայց ինքնուրույն կազմակերպման հնարավորությունն է բացակայում, որն ապագայում հնարավոր է ունենա՝ միայն համալիր կարգավորումների արդյունքում: Առանց բարեփոխված ոստիկանություն ունենալու՝ տեղեկատվության արտահոսքի ռիսկերը գնահատե՞լ եք»,-նշեց Սրբուհի Գալյանը:
Փոխնախարարը հավելեց, որ նախատեսում են գաղտնալսման հնարավորություն տալ նաեւ Հատուկ քննչական ծառայությանը՝ խոշտանգման դեպքերի բացահայտման նպատակով:
Օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանն էլ փոխնախարարին կոչ արեց չհապաղել եւ ձեռնարկել նշյալ բարեփոխումը, քանի որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում ինքը չի տեսել խնդրի լուծումը. «Փաստ է, որ խնդիրը կա, եւ օր առաջ պետք է լուծում տալ: Հեծանիվ հնարելու կարիք չկա»:
Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ ակնարկեց՝ եթե մեր երկրում ԱԱԾ պետին են գաղտնալսում, էլ ի՞նչ արտահոսքի մասին է խոսքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ