Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացան համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:
Aravot.am-ի հետ զրույցում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոն տեղեկացրեց, որ ՏԻՄ ընտրությունները չեն անցել առանց խախտումների: « Դեռ աշխատանքային գործընթացի մեջտեղում ենք, եւ ամբողջական տեղեկատվությունն ավելի ուշ կլինի»,-շեշտեց դիտորդը: Այնուհետեւ ավելացրեց. «Այո, եղել են խախտումներ, ես դեռ չեմ տեսել ընտրություններ, որտեղ խախտումներ չլինեն: Այդ խախտումների մի մասը չիմացության պատճառով է, մի մասն ընթացակարգային է»:
Նրանից հետաքրքրվեցինք՝ հատկապես որ համայնքներում են խախտումներ եղել: «Բոլոր համայնքներում ինչ-որ խախտումներ կան, որոնք կապված են ընթացակարգի հետ, օրինակ, միաժամանակ երկու-երեք ընտրող փորձել է մտնել քվեախցիկ, համարյա բոլոր դեպքերում նման խնդիրները լուծվում են տեղում՝ հանձնաժողովի նախագահի կողմից»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր հետաքրքրությանը՝ իսկ արտառոց միջադեպեր եղե՞լ են, Իվչենկոն պատասխանեց. «Կոշ համայնքում վստահված անձանցից մեկը, կարծում ենք, փորձել է ուղղորդել ընտրողներին, Նորաշենում, որտեղ ավագանին անվստահություն էր հայտնել համայնքի ղեկավարին, նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, լարված իրավիճակ է»,- ասաց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ըստ ԿԸՀ կայքի՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների թվում են Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրազեկ քաղաքացիների միավորումը: Վերջինիս ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ էլ կապվեցինք, նա ասաց, որ տեղյակ չէ ընտրություններից, քանի որ գտնվում է Արցախում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ