Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ այլ «Բենեդիկտ»

Դեկտեմբեր 08,2019 19:11

Վերջին տարիներին շատ հայտնի դարձած «Բենեդիկտ» ձուն, կամ, թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել՝ թերխաշ ձվի մատուցման եղանակը, որը կոչվում է «Բենեդիկտ», ունի չորս գլխավոր բաղադրիչ՝ անգլիական մաֆին, տապակած բեկոն, ձու «պաշոտ» եւ «հոլանդեզ» թանձրուկ: Ըստ էության, բավականին հագեցնող եւ խիտ նախաճաշ է: Այսօր առաջարկում եմ մեկ այլ «Բենեդիկտ», որում ամերիկյան մաֆինի փոխարեն վրան սերուցքային պանիր քսած սեւ հաց է, իսկ տապակած բեկոնի փոխարեն՝ ավոկադո: Շատ համեղ նախաճաշ է՝ վստահեցնում եմ: Կարող են ուտել նաեւ բուսակերները, ովքեր չեն հրաժարվել ձվից եւ կաթնամթերքից:

Անհրաժեշտ մթերքները 

Ձու- 4 հատ (2-ը՝ «հոլանդեզ» թանձրուկի, 2-ը՝ «պաշոտի» համար)

Քացախ-1 թեյի գդալ

Սեւ հաց-2 կտոր

Սերուցքային պանիր-50 գրամ

Կարագ-100 գրամ

Կիտրոնի հյութ-1 ճաշի գդալ

Կանաչ սոխ-1 ճյուղ (պարտադիր չէ)

Ավոկադո- 0,5 հատ

Սեւ պղպեղ եւ աղ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստենք ձուն՝ ֆրանսիական ձեւով՝ «պաշոտ» եղանակով: Այս անվանումը հայերենում հայտնվել է ռուսերենից, որն էլ, իր հերթին, առանց թարգմանելու, վերցրել է ֆրանսերենից՝  poché բառից: «Պաշոտ» եղանակով պատրաստելու համար ձուն պետք է խաշել առանց կեղեւի: Որպեսզի լավ ստացվի, կան մի քանի նրբություններ, որոնք կփորձեմ մանրամասնել:

Փոքր կաթսայով ջուրը դրեք եռալու միջին կրակի վրա, հենց թեթեւ պղպջակներ հայտնվեն, լցրեք քացախը եւ ջուրը գդալով արագ արագ խառնեք մի ուղղությամբ, որպեսզի ջրի մեջ ձագարաձեւ խոռոչ հայտնվի:

Ձուն կոտրեք եւ միջինն արագ լցրեք այդ ձագարաձեւ խոռոչը ու գդալով սկսեք փախնող սպիտակուցն անընդհատ բերել դեղնուցի վրա՝ բոլոր կողմերից: Բնականաբար, անհնար է խուսափել սպիտակուցի որոշ կորուստից, սակայն որքան վարպետանաք, այնքան քիչ կլինի այն: Երբ սպիտակուցը արդեն պնդանա՝ դեղնուցի շուրջը, անցքերով գդալով հանեք ձուն ջրից եւ դրեք թղթե անձեռոցիկի վրա, որ ավելորդ հեղուկը դուրս գա:

Այժմ ժամանակն է պատրաստելու «Հոլանդեզ» թանձրուկը, որի պատրաստման մանրամասները ներկայացված են այստեղ: Դրա համար պետք է պատրաստել «ջրային բաղնիք», այսինքն՝ ջրով լի կաթսան դնել կրակին, իսկ կաթսայի վրա դնել հրակայուն որեւէ խորը աման՝ ցանկալի է ապակուց: Ուշադիր եղեք, որ այդ ամանի հատակը չկպնի եռացող ջրին: Ամանի մեջ լցրեք թանձրուկի համար նախատեսված մթերքները՝ 2 ձվի դեղնուցը, 100 գրամ հալած կարագը եւ արագ-արագ խառնեք, մինչեւ դառնա էմուլսայատիպ զանգված, որից հետո ավելացրեք կիտրոնի հյութը, մի պտղունց աղ եւ սեւ պղպեղ: Վերցրեք կրակից:

Այժմ հավաքենք մեր «Մեկ այլ «Բենեդիկտը»: Սեւ հացի վրա քսեք սերուցքային պանիր: Վրան շարեք բարակ կտրված ավոկադոյի շերտեր: Ավոկադոյի վրա պառկացրեք «պաշոտը», վրայից լցրեք «Հոլանդեզը»: Սեւ պղպեղը, ծովի աղն ու կանաչ սոխի մանրած կտորներն էլ՝ որպես զարդարանք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031