Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագահն՝ ապստամբության ու Սերժ Սարգսյանի գահընկեց լինելու մասին իրեն նախազգուշացրած պապիկի հետ

Դեկտեմբեր 07,2019 17:55

Այսօր Գյումրիում երկրաշարժի զոհերի հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանին տեսության եկավ գյումրեցի այն պապիկը, որը հեղափոխությունից երկու ամիս առաջ՝ 2018 թվականի փետրվարի 13-ին,  Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում պատահաբար հանդիպելով այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, նրան նախազգուշացրել  էր մոտալուտ ապստամբության մասին։ Նա, դժգոհելով ՀՀԿ-ականներից, Արմեն Սարգսյանին ասել  էր․ «Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ  թոշակառուները կմեռնին, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամբություն կեղնի, ավելի վատ բան կեղնի»։

Նախագահն, այսօր կրկին տեսնելով 82 տարեկան Լեվուշ Նահապետյանին,  առանձնահատուկ ջերմությամբ ողջունեց նրան, հարցրեց առողջությունից։ «Հեռախոսդ ունեն, չէ՞, տղաները, զանգեմ, թեյ խմենք՝ որպես հին ընկեր»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Պապիկը նախագահին ցանկացավ հաջողություն՝ նշելով՝ թող հեռու վանվեն չար ուժերը։

«Ճիշտ նույն բանը ես եմ ուզում»,- ժպիտով արձագանքեց  Արմեն Սարգսյանը։

Ի դեպ, այսօր գյումրեցիներն  Ամենափրկիչ եկեղեցու բակում  հասցրեցին նախագահին փոխանցել իրենց նամակները, հարցուպատասխանի մեջ մտնել նրա հետ։

Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մի անձ՝ Մարտին անունով, նույնիսկ ընդհատեց լրագրողների հետ նախագահի հարցազրույցն՝ ասելով, որ մի հարց էլ ինքն ունի ու հորդորելով հասարակական վայրերում սովորական բնակչից կարծիք հարցնել։

«Մեկ լուրջ խնդիր կա Գյումրիում ու Շիրակի տարածաշրջանում, առաջին խնդիրը՝ 1995 թվականից հանվեց երկրորդ խմբի հաշմանդամություն -ծերության 50/50 տոկոսները, ինչի՞ համար։ Խնդրում եմ այդ հարցին ուշադրություն դարձնել»,- ասաց նա։

Նախագահը լրագրողների հետ հարցազրույցից հետո լսեց նրա կողմից բարձրաձայնած խնդիրները։

Տարեց մի կին էլ, մոտենալով  Արմեն Սարգսյանին, ասաց․ «Տան մեջ երեք հատ հաշմանդամ կա, խնդրում եմ  նամակիս անձամբ դուք պատասխանեք, ուրիշի ձեռքը չտաք, կյանքիդ մեռնիմ, Աշոցքից եմ եկել, հասել»։

Նախագահն ասաց՝ եթե անհրաժեշտ լինի,  նամակը կհանձնի կառավարությանը, որ պատասխանեն։

«Չէ, անձամբ դուք պատասխանեք»,- պնդեց տիկինը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031