Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանջուղազյանն աշխատում է, մյուսները «վոյաժնե՞ր» են անում. Ֆինանսների նախարարը՝ պաշտոնյաների գործուղումների մասին

Դեկտեմբեր 07,2019 17:34

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ: Aravot.am-ը նախարարին հարցրեց՝ կառավարության անդամների, նաեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների այդքան շատ գործուղումները խնդրահարույց են թվում, մամուլում եւ սոցցանցերում քննարկման առարկա է դառնում այդ «վոյաժների» արդյունավետության հարցը, ուստի կարո՞ղ եք գնահատել՝ այդ գործուղումներն ինչքանո՞վ են արդյունավետ՝ հաշվի առնելով, որ սուղ բյուջե ունենք եւ գիտության, մի շարք կարեւոր ոլորտների չնչին միջոցներ են հատկացվում:

Նախարարը պատասխանեց. «Ես վստահ չեմ, որ վոյաժը բնորոշում է, կառավարության, ԱԺ-ի գործուղումները, որովհետեւ ենթադրում եմ, որ սրանք աշխատանքային այցեր են: Վստահ չեմ, որ հարցը, թե ես արդյունավետ համարո՞ւմ եմ օբյեկտիվ է, որովհետեւ որպեսզի դատողություն անենք արդյունավետության վերաբերյալ, պիտի ինչ-որ ճանապարհ անցնենք:  Եթե դրական փոփոխություններն ակնհայտ են ու այդ դրական փոփոխությունների ճանապարհներից մեկը միջոցառումներին աշխատանքային այցելություններն են, ուրեմն՝ այո: Եթե ուզում ենք յուրաքանչուրի համար առանձին անդրադառնալ արդյունավետությանը, ապա կառավարության դեպքում դա շատ հեշտ է, որովհետեւ յուրաքանչուր գործուղման համար պաշտոնատար անձը հաշվետվություն է ներկայացնում, որը սահմանված կարգով  հրապարակվում է: Չի հրապարակվում միայն այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվություն է պարունակում, կամ հրապարակման ենթակա չի: Մի գործուղման էլ ես եմ եղել, ինձ հետ է պատահել, հիմա եկեք իրար հետ դատենք՝ արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: Ես եղել եմ արտերկրում, տեւել է 10 օր իմ գնալ-գալը, արդյունքում վերաֆինանսավորվել է 2020-ի մարման ենթակա եվրապարտատոմսերի 75 %-ը, մնացածի համար էլ միջոցները գեներացվել են, հիմա եկեք իրար հետ փորձենք դատողություն անել՝ արդյունավե՞տ էր այդ այցելությունը, թե՞ ոչ»:

Ասացինք, որ Ջանջուղազյանը շատ գործուղումներով աչքի չի ընկել, դրա համար կան այլ հնչեղ անուններ՝ Ջանջուղազյանն արձագանքեց. «Այո, ես նույնիսկ կարծում եմ, որ քիչ գործուղումների մեջ գտնվողների ցուցակում եմ: Բայց չէր բացառվում մի իրավիճակ, երբ ես գնայի այդ գործուղման, բայց շուկայի պայմանները նպաստավոր չլինեին ու թողարկում չանեինք: Ի՞նչ պիտի ասեին, պիտի ասեին, որ դա անարդյունավե՞տ է»: Ընդ որում, նկատենք՝ Ջանջուղազյանի գործուղման համար բյուջետային միջոցներից օգտագործվել է միայն օրապահիկի համար, մնացածն ամբողջությամբ արվել է հրավիրող կողմի հաշվին:

Լրագրողներն արձագանքեցին՝ փաստորեն, դուք աշխատում եք, մյուսները վոյաժներ են անում՝ Ջանջուղազյանը համեստորեն պատասխանեց, որ ոչ. «Ես այդ օրինակը բերեցի, որպեսզի ցույց տամ, որ կարող էր նաեւ այնպիսի իրավիճակ լիներ, որ շուկան նպաստավոր պայմաններ չառաջարկեր ու մենք հրաժարվեինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031