Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։
Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։
Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։
Կարդացեք նաև
Գյումրիի Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991 թվականից՝ Ավստրիայի Հանրապետության կողմից տրամադրված միջոցներով: 2006 թվականից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ