Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր Գյումրիում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի դաշնակցական նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ի դեպ, չի եղել այնպիսի տարի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի յոթին չլինի Գյումրիում։
Վերջիններս մասնակցեցին Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում մատուցված պատարագին, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Կարդացեք նաև
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, աղոթք հնչեցնելով առ Աստված, ասաց․ «Աստված թող լուսավորի հոգիները մեր բոլոր ննջեցյալների, որոնք անժամանակ կերպով իրենց աչքերը փակեցին 31 տարի առաջ մեծ երկրաշարժի պատճառով։ Եվ ահա 31 տարի հետո հույսը և լույսը գնալով մեծանում է։
Սիրելի՛ գյումրեցիներ, անցանք, հուրերի միջով անցանք երեսնամյա, և լույսը երևում է, շնորհակալություն բոլոր լուսավորողներին, լույս և հույս պարգևողներին և վերջնականապես մոտ է այդ օրը, երբ որ կասենք՝ գյումրեցիներ, մենք հաղթեցինք»։
Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց, ասաց․ «Իրականում չեմ կարող այդ հարցին պատասխանել, պատասխանել, կարծում եմ մեկը, որն այս բոլոր տարիներին պատասխանատու է եղել, որ պատասխանի, բայց նաև պատասխանատու է մեր ողջ ժողովուրդը՝ մենք բոլորս միասին։ Ես փորձեցի ձեր գործընկերներին ասել, որ իրականում պետք է պատմությունը չմոռանալ, հետ նայենք․ 88-ի ողբերգությունը հսկայական, և նրա կողքին, իհարկե, կար այն, ինչ կոչվում էր և՛ Ղարաբաղի ազատության, անկախության համար, և՛ ընդհանրապես մեր ազգային ազատագրական շարժումը, որը սկսեց։
Այս բոլորը միացան, 90-91 թվականն էր և հետագայում պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, չուներ կենտրոնական բանկ, իրականում ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է սովորեր և կառավարեր երկիրը։ Սկիզբը շատ դժվար է եղել , և ես գնահատում եմ մեր բոլոր հայրենակիցներին, որոնք 31 տարիներին կամ 30 տարիներին ապրել են այստեղ՝ Հայաստանի հյուսիսում, կորցրել են իրենց ազգականներին, հարազատներին, իրենց տունն են կորցրել, ապրել են դոմիկներում, վագոններում, անբնական պայմաններում։ Եթե Նույնիսկ բնակարան են ստացել, բայց միևնույնն է՝ քաղաքը կենդանի չի եղել, մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գնալով, տանը քնելով չեն ապրում, եթե կյանք չկա, եթե ընդհանուր մթնոլորտ չկա, եթե ուրախությունը կա, եթե չկա տեղ, որը բոլորը միասին հավաքվեն և երեկոն անցկացնեն։ Սա քաղաք է, որ հոգի է ունեցել, ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով է հոգի ունեցել, և այդ հոգին կարծես սառել էր։
Մենք՝ հայ ժողովուրդս, զբաղված լինելով անկախության հարցերով, ղարաբաղյան հարցերով, գուցե նաև մեղավոր ենք բոլորս, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք դրել Գյումրիում։
Հիմա ես հանրապետության նախագահն եմ, կա հանրապետության վարչապետ՝ պարոն Փաշինյանը, նոր կառավարություն կա ,և ընդհանրապես կարծում եմ մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր սեփական կյանքի, մեր սեփական արժեքների նկատմամբ։ Եվ կարծում եմ հիմա մենք պետք է պատասխանատու լինենք՝ նախագահից, վարչապետից, Ազգային ժողովից, մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի, որ կյանքը վերադառնա այս քաղաք։
Կյանքը վերադառնա քաղաք, միայն վերակառուցելը չէ, վերակառուցել բառի մեջ մենք ոչ միայն պետք է իմաստը դնենք շենքը կառուցելը, ոչ միայն աշխատանքային տեղ ստեղծելը, այլ ընդհանրապես կյանքը, ուրախությունը, գեղեցկությունը վերադարձնենք այս քաղաք»,- ասաց նախագահը։
Հարցին՝ եթե քննության առնեն այս 31 տարիները, քրեական գործեր չեն հարուցվի՞, Արմեն Սարգսյանը խորհուրդ տվեց այդ հարցը տալ համապատասխան մարմիններին, ըստ նրա՝ նախագահի գործը կառուցելն է։
Իսկ թալանածը վերադարձնելու հետ կապված էլ ասաց․ «Ես վստահ եմ, որ ցանկացած դեպքում, պատմության բոլոր պահերին այն մարդիկ, ովքեր սխալ են գործել և սխալ են գործել ոչ թե իրենց անձի առաջ, այլ իրենց ընտանիքի, իրենց հանրության, իրենց քաղաքի առաջ, պետք է պատասխան տան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ