Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը իրենց պաշտպանելու քողի տակ փորձում է հարված հասցնել Դաշնակցությանը. ՀՅԴ-ից արտաքսված երիտասարդների պարզաբանումները

Դեկտեմբեր 07,2019 11:26

Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Արման Բաբաջանյանը սուր քննադատության ենթարկեց Դաշնակցությանը, հորդորելով ուշադրության տակ առնել Դաշնակցության կողմից «պարտիզանական մարտեր մղելու» վերաբերյալ տեղեկությունները։

«Կարծում եմ, որ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք Նիկոլ Աղբալյան ուսանողական այդ միության այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք և այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ «պարտիզանական մարտեր մղելու» և Ազգային անվտանգության ծառայությունը թող ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը», – ասաց Բաբաջանյանը:

Մինչդեռ Դաշնակցությունից արտաքսված Անուշ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իր համար անընդունելի է Արման Բաբաջանյանի ելույթը, քանի որ պատգամավորը իրենց պաշտպանելու քողի տակ փորձում է հարված հասցնել Դաշնակցությունը։

Նախկին դաշնակցական երիտասարդն, ով դեմ է արտահայտվել Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անելուն և Հանրայինին տված հարցազրույցից հետո արտաքսվել է կուսակցությունից, պնդում է՝ ներքին շարքերին ուղղված գրության մեջ «պարտիզանական հարվածներ» ձևակերպումը եղել է, բայց այն փոխաբերական իմաստ է ունեցել:

«Կարելի էր Արման Բաբաջանյանին հորդորել, որ չփորձի տարընթերցումների ենթարկել այս հարցը ընդհանրապես, ներկայացված պարտիզանական բառն ընդհանրապես և Ազգային անվտանգության խորհրդին, այլ անվտանգության մարմինների կհորդորեի չանսալ Բաբաջանյանի կարծիքին, որ կարող է Դաշնակցությունը ինչ-որ հարված հասցնել պետությանը, պետականությանը, որովհետև Դաշնակցությունը այն ուժն է, որը պահում է պետականությունը», – ասաց Անուշ Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե այդպիսի ձևակերպում այդ շրջաբերականում չի՞ եղել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ձևակերպում եղել է որպես այդպիսի «պարտիզանական հարված» ասելով՝ չպետք է հասկանան ինչ-որ ծայրահեղ գործողություններ, այլ մեր կողմից որպես անդամներ մեկնաբանվել է ուղղակի ցույցեր, ակցիաներ, դա բնութագրող ընդամենը բառ է»:

Անուշ Հովհաննիսյանն ասում է, թե չգիտի՝ ով է շարքերին ուղղված գրության արտահոսքը կազմակերպել, բայց նրան պետք է հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել։ 25-ամյա երիտասարդը, ով մինչև արտաքսվելը Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ էր, հակադարձելով Գերագույն Մարմնի ներկայացուցչին, պնդում է՝ միության մեծամասնությունը դեմ է եղել Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին, քանի որ կարծում էին, որ մինչև այդ պետք էր հարցը քննարկել նախարարի հետ։

Ի դեպ, Անուշի պնդմամբ՝ թեև Դաշնակցության երիտասարդական միությունը ցույցեր անելու որոշում էր կայացրել, բայց Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը այդ որոշումը կատարելու պարտավորություն չունի։

«Եթե լինում են քննարկումներ, բանակցություններ և հարցը չի լուծվում, ես ինքս կմիանայի այդ գործին, կպահանջեի հրաժարականը, քանի որ Արայիկ Հարությունյանն իմ «սրտի նախարարը» չի կամ Նիկոլ Փաշինյանն «իմ սրտի վարչապետը» չի», – ընդգծեց նա:

«Ազատության» հարցին՝ այսինքն` ամբողջությամբ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը չի՞ ցանկացել կատարել Երիտասարդական միության որոշումը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չի կարող կատարել, նաև պարտավոր չի կատարել Երիտասարդական միության որոշումը»:

Կուսակցությունից արտաքսված Վանիկ Չալոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին» եւ հայտնել, որ կուսակցությունից արտաքսման մասին իմացել են համացանցից:

– Ինչպե՞ս եք ընդունել, վիրավորվե՞լ եք, թե՞ ոչ:

– Բնական է, վիրավորական է հարազատ կուսակցության շարքերից արտաքսվածի կարգավիճակով դուրս մնալը, բայց նաեւ հասկանում ենք, թե ինչ ենք մենք անում, ինչի համար ենք արտաքսվել ու ինչ խնդիրներ էինք փորձում լուծել ու բարձրաձայնել, որի պատճառով արտաքսվեցինք: Մենք սիրում ենք մեր կուսակցությունը, մենք հարազատ ենք մնացել մեր կուսակցության գաղափարախոսությանը, մենք սիրում ենք մեր կուսակցական ընկերներին, հատկապես՝ երիտասարդ ընկերներին: Չնայած որ վերջին երկու օրերին մեզ դավաճանության ու այլ պիտակավորումներով են մատնանշում՝ մենք սիրում ենք մեր կուսակցությունը եւ էս ամեն ինչն ընդունել ենք՝ ժպիտը դեմքներիս, ընդունել ենք՝ որպես պայքարի մարտահրավեր, որն ուղղված է է՛լ ավելի լավ Դաշնակցություն եւ ավելի լավ պետություն ունենալուն:

– Ձեր արտաքսումը կապո՞ւմ եք երեկ եթերում ձեր արած հայտարարությունների հետ:

– Ինձ թվում է՝ միայն եթերը չի պատճառը: Շատ խորհրդանշական է, որ եթերից ընդամենը մեկ րոպե հետո է տեղադրվել կայքում մեր արտաքսման մասին տեղեկությունը:

– Այդ դեպքում ի՞նչն է պատճառ դարձել:

– Իմ կարծիքով՝ իմ եւ իմ ընկերների թե՛ արտաքսումը եւ թե՛ մեկուսացումն ապօրինի է տեղի ունեցել ու կանոնադրության խախտմամբ: Այլ մեկնաբանություններ թող իրենք տան, որովհետեւ իրենք հղում են անելու կանոնադրությանը, իսկ կանոնադրությունն իրենց ուզած ձեւով կարող են մեկնաբանել:

– Դուք ինչ-որ քայլ ձեռնարկելո՞ւ եք: Կուսակցական կանոնադրությամբ ինչպե՞ս է՝ արտաքսման որոշումը բողոքարկել, փոխել հնարավոր չի՞:

– Ո՛չ, եթե արտաքսված ես կուսակցությունից, ուրեմն ետդարձի ճանապարհ չունես ու այլեւս չես կարող լինել Դաշնակցական: Իսկ թե այս որոշումը հետագայում ինչպես կմեկնաբանվի կուսակցության կողմից, չեմ կարող անդրադառնալ, ճիշտ կլինի, որ դա իրենցից հարցնեք:

– Ձեր ընկերները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մյուս անդամները չե՞ն պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել՝ ի աջակցություն ձեզ:

– Շատ է այն մարդկանց թվաքանակը, որ այդ որոշման հետ անհամաձայնություն են հայտնել: Շատ մարդիկ նաեւ իրենք են պատրաստվում լքել կուսակցության շարքերը՝ չնայած մեր պնդումներին, որ դա ճիշտ չէ, դրանով մենք չենք կարող լավություն արած լինել կուսակցությանը: Իսկ մեր նպատակը լավությունն էր:

– Վանի՛կ, այս պահին կուսակցությունից մեկուսացվածների թիվը քանի՞սն է:

-Երեկվա դրությամբ՝ 5 տասնյակից ավելի մեկուսացված եւ ինքնամեկուսացված: Քանի որ արդեն արտաքսված եմ, նոր տեղեկությունների հասանելիություն չունեմ: Չնայած 5 տասնյակի մեջ կան մարդիկ, որոնք հեռացման դիմում են գրել: Մեր ունեցած տեղեկություններով՝ շատ կուսակիցներ կուսակցության շարքերը լքելու դիմումներ են ներկայացրել ԳՄ՝ հրապարակային եւ առձեռն:

– Որպես ձեզ աջակցելու ակցիա՞:

– Այո՛, այդպես էլ կարելի է ասել: Այլ կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության դեմ ակցիա:

– Նոր նամակ-հայտարարություն լինելո՞ւ է:

– Տեսեք, իրականում երեկվա նամակը մենք չէիք տարածել: Մենք այդ նամակով փորձել էինք դիմել մեր կուսակցական ընկերներին, քանզի մեկուսացված էինք եւ հնարավորություն չունեինք նրանց հետ ինչ-որ ձեւով կապի դուրս գալու: Չգիտենք՝ մեր ընկերներից ով է նամակը հրապարակել, բայց կարծում ենք, որ սա ինչ-որ առումով դավադրություն է նաեւ մեր դեմ: Ինչ վերաբերում է նոր նամակի մասին ձեր հարցին՝ ո՛չ, այս պահին ասելու բան չունենք, եթե ասելիք լինի, առաջիկայում կա՛մ ասուլիս կանենք, կա՛մ հայտարարությամբ հանդես կգանք:

– Հնարավո՞ր է՝ Դաշնակցության դրսի կառույցները դեմ լինեն նրան, ինչ իրականացնում է հայաստանյան ՀՅԴ-ն:

– Դրսի-ներսի եզրույթից ուզում եմ խուսափել ու ասել, որ դաշնակցականներ կան, որ ճիշտ են գնահատել մեր այս համարձակ քայլը, սակայն չեն կարող հրապարակավ հանդես գալ ու անձնական հաղորդագրությունների, զանգերի միջոցով փորձում են ոգեւորել մեզ:

– Խնդրում եմ՝ անդրադառնանք նաեւ երեկ տարածված նամակի բովանդակությանը. ի՞նչ ասել է պարտիզանական գործողություններ, ի՞նչ ձերբակալությունների ենթադրություններ կային:

– Ես այդ ժողովին չեմ մասնակցել, որի մասին գրված է նամակում, ուստի ճիշտ չի լինի, որ դրա մասին խոսեմ ու արտահայտվեմ: Ինչ վերաբերում է պարտիզանական գործողություններին, ես ինձ իրավունք չեմ վերապահում անդրադառնալ, որովհետեւ չեմ մասնակցել այդ հանդիպմանը:

– Իսկ իր մեջ պետությանը ուղղված վտանգ չի՞ պարունակում:

– Իմ անձնական կարծիքով՝ դրանք երկրում ստեղծված ինչ-որ խնդիրների վերաբերյալ անհամաձայնություն հայտնելն է եւ պայքարելը դրանց դեմ:

– Խաղա՞ղ պայքար: Ի՞նչ է ենթադրում պարտիզանությունը:

– Դա չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, խաղաղ, քանզի երբ որ ես եմ եղել կուսակցության շարքերում, բացի խաղաղից՝ ուրիշ բան չեմ տեսել: Մեկնաբանության հարց է: Ինձ թվում է՝ ժողովի մասնակիցները ճիշտ կմեկնաբանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031