Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամների եւ ադրբեջանցիների միջեւ, սկսվել են հակադարձումներ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 07,2019 10:25

Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Բաքվում է:

Պատվիրակության կազմում մեկնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

Դեկտեմբերի 4-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակությունը մեկնել է ՀՀ վարչապետի որոշմամբ, նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Բաքվում կայանալիք հանդիպումները նվիրված են TRACECA-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին։ Դեկտեմբերի 6-ին, միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստն է տեղի ունեցել, որին մասնակցել են TRACECA ծրագրի դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամների եւ ադրբեջանցիների միջեւ, սկսվել են հակադարձումներ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի միջեւ:

Sputnik- ի ռուսական ծառայությունը տեղի ունեցածը սկանդալ է որակել եւ նշել, որ անհամաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պատվիրակության ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը դժգոհել է միջոցառումների ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի միջոցառումների մասնակցող պատվիրակությունների անդամները պարտադիր պետք է այցելեն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ:

Սիմոնյանը նշել է, որ լավ չի հասկանում, թե ինչ կապ ունի պատվո հուղարկավորությունների պուրակ այցելությունը TRACECA-ի հետ: Նա հայտնել է, որ հայկական պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ եւ խուսափել որեւէ բան քաղաքականացնելուց, սակայն իրենց համար անհասկանալի է մնում միջոցառման այդ հատվածը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական պատվիրակության ղեկավարին պատասխանել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը՝ հայտարարելով, որ լավ է հասկանում հայկական կողմի արձագանքը, քանի որ նրանք առաջին անգամ են Երեւանից ժամանել Բաքու ու երեւի չեն հավատում, որ գտնվում են Բաքվում: Trend գործակալության փոխանցմամբ, Ջաբարովը Հայաստանի պատվիրակությանը հրավիրել է այցելել ոչ միայն պատվո հուղարկավորության պուրակ, այլ նաեւ Հեյդար Ալիեւի կենտրոն, որտեղ տեղի է ունենում Իրեւանի (Երևան) պատմությանը նվիրված ցուցադրություն և «շատ նոր բաներ իմանալ Իրեւանի խանության եւ Իրեւանի հիմնադրման պատմության մասին»՝ հավելելով, որ ցուցանմուշները վերցվել են Վրաստանի թանգարանից, որտեղ դրանք մշտապես ցուցադրվում են։

Հայկական կողմը պատասխանել է ադրբեջանցի նախարարին՝ հորդորելով քաղաքական ենթատեքստ չտալ Միջկառավարական հանձնաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներին. «Մենք անընդունելի ենք համարում, որ նման հարթակներն օգտագործվում են ազգային եւ վիճելի գաղափարներն առաջ մղելու համար: Ինչպես նկատեցիք, մեր պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ, մեզ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունեն նշված այցելությունները ծրագրի հետ: Նախորդ տարի Երեւանում կայացած միջոցառմանը քաղաքական ենթատեքստ պարունակող այցելություններ չեն եղել, թեպետ կարծում եմ բոլորն են տեղյակ՝ ինչ պատմական փորձությունների միջով է անցել Հայաստանը», – նշել է Սարգսյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմը հավանաբար փաստարկներ կունենա` բացատրելու համար, թե ինչու են Հայաստանի սահմաններն արգելափակված նախագծի երկու անդամ երկրների կողմից։

Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այդ սեխագլուխներին հասկացրեք,որ այդ խանությունները ադրբեջան բառի հետ ոչ մի կապ չունեն:Եթե իրենց տրամաբանությանը հետևենք,իրենք այսօր պետք է Իրանի Իսլամական Հանրապետության կազմում լինեին՝դա րիենց ձեռնտու է?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031