Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում. «168 ժամ»

Դեկտեմբեր 07,2019 08:30

Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Ու դա անհնարին է չնկատել։ Այդ են վկայում նաև պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։

Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։

Ոչինչ, որ 68 մլն դոլարը մեծ գումար չէ տնտեսության համար, այն մի բան էլ պակասել է։ 2019թ. առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են եղել, քան 2018թ. նույն ժամանակահատվածում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից դատելով` անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն, այս տարի` հազիվ 68 մլն դոլար։

Եվ սա՝ այն դեպքում, երբ 2018թ. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չէր նպաստում ներդրումների իրականացմանը։ Բայց անգամ այդ պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելին էին, քան այս տարի է։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսությանը միջազգային կառույցների կողմից տրվող վարկանիշներն ու գնահատականները։ Չէ՞ որ դրանք դրական ազդակներ պետք է հաղորդեին ներդրողներին։

Բոլորովին էական չէ, որ ընդհանուր արտաքին ներդրումներն ավելացել են։ Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 267 մլն դոլար։ Բայց դա չէ, որ բնութագրում է երկրի ներդրումային իրավիճակը։ Դրանում ներառված են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը։ Այս դեպքում շատ ավելի կարևոր են ուղղակի ներդրումները, որոնց աճի տեմպը դժվար է գոհացուցիչ համարել։

Այս փուլում թե հատկապես ո՞ր երկրներն են զգուշանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ օտարերկրյա ներդրողների շրջանում վստահությունը տնտեսության, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական իշխանության նկատմամբ ցածր է։ Դրա վկայություններից մեկն էլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հերթական հեռուստամարաթոնն էր, որի ընթացքում խոստացված նվիրատվություններն ամենաքիչն էին` սկսած 2006թ.։

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում։ Այլևս անիմաստ է ասել, որ դրա համար ժամանակ է պետք։ Ներդրումները ժամանակ են պահանջում, բայց այդ ժամանակը վաղուց արդեն անցել է։

Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարին։ Եվ այդ ժամանակը լիուլի բավական էր` ներդրումային սպասումներն իրականություն դարձնելու համար։

Բայց դրանք իրականություն չեն դառնում նույնիսկ այն «խոչընդոտների» վերացումից հետո, որոնց մասին ժամանակին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը, մասնավորապես, խորհրդարանի լուծարման և նոր ընտրությունների անցկացման մասին է։ Խորհրդարանը ձևավորվեց քաղաքական իշխանության ցանկություններին համապատասխան, սակայն, ինչպես տեսնում ենք, դա ևս չփրկեց կառավարությանը։

Ներդրումային ցածր ակտիվության պատճառները, անշուշտ, տարբեր են։ Բայց ակնհայտ է, որ դրանցից մեկն էլ իշխանության ոչ պրոֆեսիոնալ վարքագիծն է և վերաբերմունքը ներդրողների նկատմամբ։ Փոխարենը ներդրողներին շահագրգռելու և բերելու Հայաստան` մի բան էլ հաթաթաներ ենք տալիս։

Ու դա բոլորովին էլ նոր բան չէ իշխանության պրակտիկայում։ Այդպես է արդեն ավելի քան մեկուկես տարի։ Դեռ լավ է, որ այդքանից հետո գտնվում են մարդիկ, որոնք փորձում են ներդրումներ կատարել Հայաստանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ներդրումների համար ամենավատ միջավայրը հեղափոխականությունն է՝որևէ հեղափոխությունից հետո ներդրումների հոսք չի եղել,հակառակը,արտահոսք է եղել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031