Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դեմ պայքարելն անիմաստ է

Դեկտեմբեր 07,2019 10:00

Ռուսերենում կա մի արտահայտություն՝ ломиться в открытую дверь, այսինքն՝ ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնա մի բան, որն առանց այդ էլ եղած-պրծած է: Կամ՝ կանխել ինչ-որ մի երեւույթ, որի հավանականությունը զրո է: Օրինակ՝ «ես իմ կյանքը նվիրելու եմ նրան, որ Արեգակը երբեք արեւմուտքից չծագի»:

Քաղաքականության մեջ նման երեւույթներ հաճախ են լինում: Որովհետեւ եթե ես նպատակ եմ հռչակում, որ, ասենք, երկրագունդը հակառակ ուղղությամբ չպտտվի, եւ հետո դա իսկապես տեղի չի ունենում, ես կարող եմ ասել՝ «տեսա՞ք, ինչ արեցի, դա ամբողջությամբ իմ տքնաջան աշխատանքի արդյունքն է»:

Մոտավորապես նույն գործի են ներկայիս իշխանությունները եւ նրա աջակիցները: Երբ նրանք ասում են, որ պայքարելու են ՀՀԿ-ի՝ իշխանություն վերադառնալու դեմ, դա լավագույն դեպքում ուժերի, ժամանակի եւ հռետորական արվեստի անիմաստ վատնում է, քանի որ ՀՀԿ-ն առնվազն մոտակա 10 տարիների ընթացքում որեւէ շանս չունի իշխանության գալու: Այդ կուսակցությունը հիմնականում հիրավի, իսկ երբեմն նաեւ՝ հանիրավի այնքան է վարկաբեկված, որ առաջիկա տասնամյակում ոչ ոք «ռիսկ չի անի» դրա կողքին կանգնելու, եւ ոչ մի փողեր, թեկուզ միլիարդավոր դոլարներ, այդ իրավիճակը չեն փոխի:

Հիշեք ՀՀՇ-ի փորձը. այդ կուսակցությունը 2010-ականների սկզբից «ռեբրենդինգ» արեց եւ կոչվեց ՀԱԿ, ներգրավելով նոր՝ ՀՀՇ-ական անցյալ չունեցող անձանց, բայց միեւնույն է՝ իշխանության չեկավ:

Ներկա իշխանության մեջ կան որոշ ՀԱԿ-ականներ, բայց նրանք առանձնապես չեն ասոցացվում ոչ ՀՀՇ-ի, ոչ էլ անգամ ՀԱԿ-ի հետ: Նման անհատական մակարդակով իշխանության մեջ նախկին ՀՀԿ-ականների «ներթափանցումներ» հնարավոր են մոտավորապես 2028-30 թվականներին՝ ոչ շուտ:

Այնպես որ այսօր՝ 2019 թվականին կյանք նվիրել ՀՀԿ-ի դեմ պայքարին, բացարձակապես իմաստ չունի: Իհարկե, «հակա-ՀՀԿ-ական» հռետորաբանությունը ժողովուրդը լսում է մեծագույն հաճույքով: Բայց դա ժամանակավոր երեւույթ է:

Այլ պարագա է Դաշնակցությունը: Անկախ նրանից, մեզ դուր է գալիս այդ կուսակցությունը թե ոչ, այստեղ, ի տարբերություն ՀՀԿ-ի, կան գաղափարին անկեղծորեն նվիրված մարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: ՀՅԴ-ն Երրորդ հանրապետությունում երբեք չի ունեցել ամբողջական իշխանություն (երբեմն եղել է իշխանությանը կից) եւ, կարծում եմ, երբեք չի ունենա, որովհետեւ այդ կուսակցության գաղափարներն, ինձ թվում է, ժամանակավրեպ են: Եվ նվիրվել Դաշնակցության դեմ պայքարին, դարձյալ անիմաստ է:

Այս դեպքում դա սխալ է նաեւ գործնական առումով. երբ իշխանությունն ու նրա աջակիցները լծվում են այդ պայքարին, նրանք թիրախավորում են ոչ միայն նախորդ իշխանություններին հարմարվողներին, այլեւ ազնիվ, հավատ ունեցող հայերին մեր երկրում եւ ամբողջ աշխարհում: Նորից 90-ականների փորձը վկայակոչելով, կարելի է պնդել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դաշնակցական երիտասարդ ցուցարարների դէմ ոստիկանական ուժի կիրառումը չափազանցուած էր, հենց այն հիման վրայ իսկ՝ որ վերեւի խմբագրականին մէջ պարզաբանուած է: Սակայն անոր յետին եւ բուն նպատակը՝ Հայաստանի մէջ սահմանափակ կարողականութեամբ կուսակցութեան մը փոքրիկ ցոյցը կասեցնել չէր, այլ ուրիշ էր: Կատարուածը յստակ եւ ուժգին պատգամ մըն էր, ուղղուած՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերուն, բոլոր տեսակի ակտիվիստներին, համայն բնակչութեան: Սոյն պատգամը նոյնիսկ բացատրուած էր, իշխանութեան կողմէ դէպքի մասին արտայայտուած զանազան յայտարարութիւններու մէջ: Հետեւաբար, անոնք որոնք լուռ մնացին, այս բռնութեան վրայ աչք փակեցին, որոնք նոյնիսկ ծափահարեցին կատարուածը, հիմնականօրէն որովհետեւ անոր երեւութային թիրախը ՀՅԴաշնակցութիւնն էր, յետագային լաւապէս թող յիշեն նաեւ այս պահը, երբ որ իրենց մարմիններին վրայ եւ հոգիներուն խորը կը զգան նոյնանման բռնութիւն, այժմ եւ այսուհետեւ իրենց «Նոր» Հայաստանում:

    Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա

    https://haytougchamlian.blog/
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

  2. Gagik says:

    Բայց մեր ժողովուրդը երբա ինչ որ կուսակցության ընտրել ընդանրապես։ Միշտել ընտրել են անձի, ասենք Մանուկյանին, հայրր և որդի Դեմիրճյաններին կամ մերժել են Սերժին։
    Իմ քայլի որ գաղափարի համար են ձայն տվել ։ Ոչ մի ուղղակի մերժել են Սերժին ու ընտրել են Նիկոլին քանի որ լավ կենացներա ասում։

  3. Լավատես says:

    Կարծում եմ Խորհրդային կայսրութունը սկսեց քանդվել այն օրից, երբ նրա աշխարհահռչակ ու մրցունակ հատուկ ծառայությունների որոշում կայացնող ղեկավարները սեփական պետությունը քանդելու որոշում կայացրեցին, եթե այդ պետությունը չքանդվեր, այդ ղեկավարները պետական դվաճանության հոդվածով էին դատվելու: Նայելով այսօրվա մեր շատ տարօրինակ ընդդիմություն կոչվածին, որտեղ իսկապես կան շատ բանիմաց ու մակարդակով մարդիկ, որոնք էժանագին ցեխ շպրտոցով են զբաղված, հեչ իրենց մակարդակին չի համապատասխանում, համ էլ հեչ հայերեն չի, կարճ ասած, միակ բանը, որ կարող է նրանց կապել’ կարծում եմ դա այդ նախկին կայսրության երբեմնի հզոր ծառայությունների աշխատակից լինելն է, եթե վարկածս ճիշտ է, ապա նրանք նույն պետականաքանդությամբ են զբաղվում, փոխանակ իրենց մակարդակը կիրառեին պետականաշինության համար: Փաստեր չունեմ, հնարավոր տարբերակ որպես:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031