Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի աղետ չէի պատկերացնում». 1988-ին Հայաստան ժամանած ամերիկացի փրկարարները. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 07,2019 00:07

Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում: 31 տարի առաջ, 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա եւ Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը.

«Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, այդ մութ ու ցուրտ փողոցները, այդ սառը իրականությունը, հասկանում ես, որ դա է աղետի իրական դեմքը»:

Իրականում փրկարարները այդ ժամանակ դեռեւս Խորհրդային Հայաստան մեկնելիս` համոզված չէին, որ իրենց թույլ կտային աշխատել այստեղ: Միացյալ Նահանգներից դեպի Խորհրդային Միություն փրկարարների որեւէ խումբ նախկինում դեռ չէր մեկնել:

«Սակայն, մենք փրկարարներ ենք եւ մեզ համար այդ հարցերը երկրորդական էին: Բոլորս մարդ ենք եւ պետք է միմյանց մասին հոգ տանենք, երբ դրա կարիքն է լինում: Հայերը հրաշալի ժողովուրդ են եւ այդ ժամանակ նրանք ունեին մեր կարիքը, եւ դա մեզ համար ազդանշան էր: Զանգը հնչեց, եւ մենք գնացինք անելու մեր աշխատանքը»:

Այն տարիներին ամերիկացի փրկարարներն իրենց հետ բերեցին այնքան անհրաժեշտ սարքավորումներ եւ վարժեցված շներ, որոնց օգնությամբ հնարավոր էր գտնել փլատակների տակ մնացած մարդկանց: Սարքավորումներ, որոնց շնորհիվ մարդկային կյանքեր փրկվեցին: Իրենք` փրկարարները սակայն փրկվածների մասին խոսել չեն սիրում: Բայց հիշում են բոլորին, ում փրկել չհաջողվեց:

Ֆլորիդայի փրկարար Ռաուլ Չավեսը, հիշում է, թե ինչպես էին աշխատում 13 տարեկան երեխային փլատակներից ազատելու համար, երբ իրենց մի տղամարդ մոտեցավ օգնության խնդրանքով.

«Նա մոտեցավ ինձ, ասելով՝ ընտանիքն այնտեղ է, օգնեք գտնել նրանց: Ես պատասխանեցի, որ այստեղ ավարտելուց հետո անմիջապես կգանք: Եվ մենք ավարտելուց հետո անհապաղ մեկնեցինք մեր սարքավորումներով, բայց արդեն ուշ էր, նրանք մահացել էին: Ես դա երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա նաեւ բոլոր երեխաներին, որոնք դպրոցներում մնացին, չէ՞ որ երկրաշարժը դասի ժամին էր տեղի ունեցել: Մենք փորձեցինք, արեցինք ինչ կարող էինք, բայց, ավաղ, շատ բան չկարողացանք անել սահմանափակ մեր ուժերով»:

Վիրջինիայի փրկարար Դան Բաքհամը, ով Հայաստան մեկնելուց առաջ արդեն բազմաթիվ աղետների ականատես էր, ասում է. «այդպիսի աղետ չէի պատկերացնում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031