Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոգ» դեկտեմբեր 88

Դեկտեմբեր 07,2019 11:00

Աղետի գոտում մղձավանջային մի լուսաբաց էր: 12-ժամյա գիշերային-դժոխային հերթափոխից հետո, անհամար ավերակներից, դիակներից, անհատակ ցավից ցնորված, ծնկի եկա ալյումինե փլված հանրախանութի դիմացի բուլվարում խփված մեր զինվորական վրանի մոտ, արցունքոտ հայացքս դեպի երկինք ուղղեցի, Տիրոջն աղաչեցի բացատրել, թե մեր տարաբախտ ազգն իր որ մեղքերի համար է կրում այս «Երկնային պատիժը»: Հարցիս պատասխանը չլսեցի։ Միգուցե եղավ, բայց ես չըմբռնեցի, չընկալեցի՝ քանզի «դանթեական դժոխք»-ին համարժեք իրականությունը, որում ակամայից հայտնվել էի, ուղեղիս առկա ծավալում չէր տեղավորվում։ Անկախ այն հանգամանքից, թե հրաման /հրահանգ/ տվողն ով էր, գիտակցությունս անզոր էր, անընդունակ՝ այստեղ կատարված Եղեռնն, ամբողջության մեջ ընկալելու, իմաստավորելու:

Տիեզերական լռության մեջ թաց ձյուն էր տեղում: Մեղմ զեփյուռը, շրջակա փլատակներից, քայքայվող դիակների գարշահոտությունն էր բերում։ Ցավից ու անզորությունից երևի թե մի պահ ցնորվել էի, քանզի արեցի մի բան, որ մինչ այդ և դրանից հետո էլ երբեք չեմ արել. հասակով մեկ կանգնեցի, ձեռքերս երկինք պարզեցի, գելի պես երկար ու ձիգ ոռնացի, հետո «երրորդմասյան» բառապաշարի ընտիր իմացությունս գործածելով, կրկին դիմեցի Տիրոջը, բայց արդեն ոչ թե հարցով, այլ ընդամենը կարծիքս հայտնեցի «Երկնային արդարության» և այն բաժանողի վերաբերյալ /խելքս հաստատ տեղը չէր/։ Հիմա՝ արդեն տարիների հեռվից, կարծում եմ /կասկածում եմ/, որ միգուցե ազգովին, իրոք, մեղավոր էինք ու պատիժն էլ, ինչքան էլ դաժան, երևի թե ինչ-որ չափով նաև վաստակված էր՝ «Տիրոջ ճամփեքն անմեկնելի են»…

Ներս մտա մեր վրանը: Խոնավ հողին փռված ներքնակների վրա պառկած, իմ հոգնած-քնած ընկերների դիսոնանս խռմփոցն «ունկնդրելով», մոմի լույսի տակ, սկսեցի գրառել օրվա անցուդարձը: Տարօրինակ մի զգացում էր ինձ պարուրել. կարծես թե հոգիս, իր պատյան-բանտից՝ մարմնիցս ազատվել, առանձնացել, դուրս էր եկել ու սավառնում էր Աղետի գոտու վրայով ու առանց որևէ զգացումի՝ անկիրք գրանցում էր աննկարագրելի դաժան իրականությունը…

Վրանը մեր «փրկարար» ջոկատի հանգրվանն էր։ Փրկարար բառը չակերտների մեջ է, քանզի Լենինականի գուլպայի ֆաբրիկայի ավերակներից, ցավոք, միայն աղճատված դիակներ էինք դուրս կորզում։ Կենդանի շունչ չհանդիպեց, որ փրկենք:

1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի գույժն ինձ հասավ Հայաստանից շատ հեռու՝ Մոնղոլիայի Դարխան քաղաքում։ 1987-ի հունիսից գտնվում էի արտասահմանյան, երկարաժամկետ գործուղման մեջ՝ հայրենիքից մոտ 4000 կմ հեռու և ընտանիքս էլ հետս կիսում էր պանդխտության դժվարությունները։ Տեղի սովետական մասնագետների թվում, հայերս քիչ չէինք և հայրենիքին պատուհասած դժբախտությանը, իհարկե, չէինք կարող չարձագանքել։

Դիմեցինք սովետական հյուպատոսին՝ խնդրելով հնարավոր աջակցություն, շտապ մեզ Հայաստան հասնելու և հայրենիքին օգնելու գործում։ Ի պատիվ Դարխանում ԽՍՀՄ հյուպատոսի, մայրաքաղաք Ուլան Բատորի սովետական դեսպանության ու նաև մոնղոլ բարձրաստիճան պաշտոնյաների, պիտի ասեմ, որ ստացանք դրական պատասխան՝ արագ և շատ արդյունավետ աջակցություն: Երկու օր անց, Ուլան Բատորի միջազգային օդանավակայանից, մեզ ճանապարհեցին Երևան։ Մոնղոլիայի կառավարությունը երկու «ՏՈՒ -154» բեռնատար օդանավով Հայաստանին օգնություն էր ուղարկում՝ սննդամթերք, դեղորայք, վրան-յուրտեր, տաք ծածկոցներ և այլն։

 16 հոգուց բաղկացած մեր փրկարար ջոկատը, հիմնարկի պահեստից ստացած տաք արտահագուստով, գործիքներով, պահածոյացված սննդամթերքով լցված հակերով ու արկղերով հանդերձավորված տեղավորվեց ինքնաթիռների մեջ և ճանապարհվեց դեպի Երևան։ Վառելիքի պաշարը լրացնելու նպատակով, ինքնաթիռները վայրէջք կատարեցին Նովոսիբիրսկի օդանավակայանում։ Մեզ խնդրեցին, անվտանգության կանոններին համապատասխան, դուրս գալ լիցքավորվող ինքնաթիռներից և սպասել թռիչքուղու վրա։ Դա մեր սրտովն էր, քանզի Սիբիրի դեկտեմբերյան ցուրտը նախընտրելի էր, երկրից մի քանի կիլոմետր բարձրության վրա թռչող բեռնատար ինքնաթիռի չջեռուցվող բեռնախցիկում տիրող անտանելի սառնամանիքից։

Մոտ 7 ժամ տևած մեր օդային ուղևորությունը բարեհաջող ավարտվեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ուղեբեռի հետ միասին դուրս եկանք թռիչքուղուց ու տղաներից մեկի առաջարկով, օդանավակայանի շենքում ժողովի պես մի բան գումարեցինք։ Բոլորս էլ երկար ժամանակով բացակայել էինք Հայաստանից, ես տարի ու կես, իսկ ոմանք էլ երեք-չորս տարի, հարազատներին չէինք տեսել։ Մոնղոլիայում ես ընտանիքիս հետ էի, բայց դե Երևանում ես էլ հարազատներ՝ ծնողներ, եղբայրներ, ընկերներ ունեի, որոնց կարոտել էի։ Օդում մի հարց էր կախված, որը լուծում էր աղերսում։ Պիտի որոշեինք՝ արժե արդյոք մի քանի րոպեով տուն մտնել ու շատ կարոտած հարազատներին տեսնել։ Մի փոքր քննարկման արդյունքում հասկացանք, որ դա ժամանակային առումով, գործնականում հնարավոր չէ, քանզի կխոչընդոտի մեր բուն առաքելության իրականացմանը։ Եթե օրինակ ես, կամ մյուս երևանցիները, մի քանի րոպեով մերձավորներին տեսնելու համար, կծախսեինք մի երկու ժամ, ապա մեր շատ թիմակիցներին, որ Հայաստանի տարբեր ծայրերից էին, օրեր էին անհրաժեշտ։ Կարճ ասած, որոշեցինք գործից ետ չընկնել. օդանավակայանում գործող Արտակարգ դրության շտաբում գրանցեցինք մեր ջոկատը: Ուղեգիր ստացանք դեպի աղետի գոտի, իսկ ավելի ստույգ՝ Լենինական։ Երկու բեռնատար վարձեցինք։ Ուղեբեռի հետ դրանցում տեղավորվեցինք և արդեն մթնով ճանապարհ ընկանք։

Գիշերային Լենինականում մեր վարորդները հարցուփորձով ճշտեցին փրկարար աշխատանքները կոորդինացնող հանձնաժողովի տեղը, ուր որ պիտի ներկայանայինք և որը մեզ պիտի ապահովեր օթևանով ու աշխատանքի ծավալով։ Հանձնաժողովը Պետանվտանգության կոմիտեի քաղաքային վարչության, երկրաշարժից չվնասված երկհարկանի առանձնատանն էր տեղակայված։ Այստեղ մեզ դիմավորեցին և խնդրեցին ըմբռնումով մոտենալ այն փաստին, որ մեզ համար հանրակացարան փնտրում են, բայց բնակֆոնդի մեծ մասը կորցրած քաղաքում հեշտ չի լինի այն գտնել։ Քաղաքացիական հագուստով անձնավորությունը, որն ըստ երևույթին անվտանգության ծառայության սպա էր, ներողություն խնդրեց: Ասաց, որ այս դժվարին գիշերը «լուսացնելու» միակ տեղը, որ կարող են մեզ տրամադրել, այս շինության առաջինից երկրորդ հարկ տանող փայտյա աստիճանաշարի տակի տարածքն է, որտեղ պահեստավորված էին առաքման ենթակա զինվորական ներքնակներ։ Այլ տարբերակ չկար, ու մենք բավարարվեցինք եղածով։ Աղետի գոտում մեր առաջին գիշերը, 16 հոգով իրար գրկած՝ «լուսացրեցինք» աստիճանաշարի տակ պահեստավորված ներքնակների վրա։ Ասեմ, որ ավելի վատ պայմանների էլ կհամաձայնեինք, քանզի մեկ օրում ավելի քան 4000 կմ ձմեռային, ցուրտ ճանապարհ կտրելով, աղետի պատճառած ավերածությունների ականատեսը լինելով՝ ցնցված, իրականում կատարելապես ուժասպառ էինք եղել։

Առավոտյան ուղեկցեցին մեզ հատկացված «հանրակացարան»։ Իրականում դա մեծ զինվորական վրան էր, որ խփված էր, կարծեմ «Երևանյան» /Գյումրին վատ գիտեմ/ փողոցին հարող պուրակում, ալյումինե կոնստրուկցիաներով կառուցված ու երկրաշարժից փլված հանրախանութի դիմաց։ Վրանը, դատելով չափերից, նախատեսված էր մեկ դասակի՝ այսինքն մեր ջոկատից կրկնակի թվաքանակ ունեցող անձնակազմի համար։ Կենտրոնում փայտով ջեռուցող վառարան կար, բայց մահճակալներ չկային։ Գետնին՝ հողի վրա փռված էին զինվորական ներքնակներ ու բարձեր, ուրիշ ոչինչ չկար։ Մեզ ուղեկցողը՝ շտաբի ներկայացուցիչն ասաց, թե բախտներս բերել է՝ ջրի խնդիր չենք ունենա։ Վրանը տեղադրողները, որ Արարատից են եղել ու այստեղ մի երկու օր են օթևանել, իրենցից հետո վրանի մեջ թողել էին կես լիտրանոց ապակյա շշերով «Արարատ» հանքային ջրի հսկայական պաշար՝ արկղերով, որը «ժառանգաբար» փոխանցվեց մեզ։ Կարող էինք խմել, ճաշ եփել, լվացվել ու դա մեծ առավելություն էր, քանի որ երկրաշարժի հետևանքով Լենինականի խմելու ջրագծերը վնասվել էին, խառնվել կոյուղու ջրերին: Օգտագործման համար ծորակի ջուրը պիտանի չէր։ Անհրաժեշտ խմելու ջուրը «ավտոցիստեռններով» բերվում էր քաղաքամերձ աղբյուրներից և թաղամասերում բաժանվում ժողովրդին:

Մոտակա փլատակներից ցախ բերելով, վառարանը վառեցինք։ Թեյի համար «Արարատ» ջուր եռացրեցինք ու հետներս Մոնղոլիայից բերած սննդի պաշարից օգտվելով, արագ նախաճաշեցինք։ Ջոկատի պետը մեզանից ամենատարեցին նշանակեց վրանի օրապահ-հերթապահ։ Հանձնարարեց շրջակայքից հավաքել ու վրանում պաշարել փայտանյութի առավելագույն քանակը: Վառարանը ոչ մի դեպքում չհանգցնել։ Հետո, շտաբի ներկայացուցչի առաջնորդությամբ, ոտքով ուղևորվեցինք դեպի քաղաքի կենտրոն՝ Եռանկյունի թաղամաս։ Գուլպայի ֆաբրիկան այստեղ էր գտնվում ու նրան, որպես փրկարար ջոկատ, կցված էր նաև մեր թիմը։ Դա մեր ապագա աշխատավայրն էր։

Էլէներգիայի մատակարարումը քաղաքում խաթարված էր։ Միայն հատուկենտ բենզինային էլկայաններ /движок/ չնչին քանակությամբ էլեկտրականություն էին տալիս։ Նախորդ օրը Լենինական ժամանել էինք գիշերով ու շատ բան չէինք տեսել, քանի որ քաղաքը սուզված էր մթության մեջ։ Հիմա, երբ ցերեկով քայլում էինք փողոցներով, նոր էինք գիտակցում աղետի բերած ահռելի ավերածության ողջ զարհուրելի իրողությունը: Մի պահ ինձ թվաց, թե Երկրորդ համաշխարհայինին պաշարված Ստալինգրադը պատկերող ֆիլմում եմ հայտնվել։ Իրավիճակը զարհուրելի էր։ Երեկ երեկոյան, երբ մեր բեռնատարներն արդեն մտել էին Աղետի գոտի, ճանապարհին հանդիպում էին դագաղներով բարձված ավտոմեքենաներ։ Այսօր կիսավեր փողոցներում խցանումներ կային ու դրանք հիմնականում, տանիքին դագաղ կապած մարդատարներն էին՝ դիակ էին կրում…

Հասանք Գուլպայի ֆաբրիկա, որը մեր հանգրվան-վրանից շատ չէր հեռու։ Ճանապարհին, սովետական օդադեսանտային զորքերի տարբերանշաններով, կարճափող «կալաշներով» զինված պարեկներ կային: Պահպանության տակ էին վերցրել բանկերը, ոսկերչական խանութները և նյութական արժեք ներկայացնող այլ օբյեկտներ:

Ներկայացանք Գուլպայի ֆաբրիկայում աշխատանքները ղեկավարողին։ Նրա առաջին հարցն այն էր, թե ուր է մեր ավտոկռունկը։ Ջոկատի պետն արդարացավ, թե հեռվից՝ ինքնաթիռով ենք ժամանել։ Սեփական գործիքներով համալրված ենք։ Հիմնարկը, մեզ ճանապարհելիս, իրոք ոչինչ չէր խնայել, ավտոկռունկ նույնպես կտար, բայց «ՏՈՒ-154» ինքնաթիռում ավտոկռունկ բեռնելու հնար չկար։ Աշխղեկն ասաց, որ առանց ավտոկռունկի, այս ավերակների մեջ, մեր տված օգուտը մեծ չի լինի ու առաջարկեց խնդրի լուծման պարզ տարբերակ։ Գնացքով Մոսկվայի մարզից ժամանած ռուս շինարարների մի բրիգադ արդեն աշխատում էր։ Իրենց հետ բերած «Ивановец» ավտոկռունկով զգուշորեն բարձրացնում էին Գուլպայի ֆաբրիկայի շինությունից երկրաշարժի արդյունքում գոյացած սենդվիչատիպ ավերակ-բլուրի երկաթբետոնե կոնստրուկցիաների մնացորդները ու դրանց տակ որոնում ողջ մնացածներին։ Ավտոկռունկի հետ Լենինական էր ժամանել երկու կռունկավար։ Օբյեկտի պատասխանատուն մեզ առաջարկեց վերադառնալ վրան, սնվել, քնել ու մի լավ հանգստանալ, իսկ երեկոյան՝ ժամը 20.00-ից ռուսական ավտոկռունկով, երկրորդ կռունկավարի հետ միասին, ընդունել հաջորդ հերթափոխը և աշխատել 12 ժամ՝ մինչև լուսաբաց՝ 08.00-ն։ Համաձայնեցինք, քանզի լուծումը տրամաբանական էր ու վերադարձանք մեր բազան՝ վրանը։

Երեկոյան հերթափոխից քիչ առաջ օբյեկտում էինք։ Բազայից եկել էինք արդեն աշխատանքային արտահագուստով։ Որպես հանդերձարան, տարածքում մեզ տրամադրված վագոն-տնակը վերածեցինք գործիքի պահեստի։ Ստացանք աշխղեկի հրահանգավորումը և սկսեցինք քսան օր տևած մեր առաքելությունը, որն իր զգացմունքային գերհագեցվածությամբ հավասար էր քսան տարվա…

Աշխատավայրը չէր լուսավորվում, քանզի աղետի հետևանքով, ողջ Լենինականն էր խավարի մեջ. քաղաքային ենթակառուցվածքները հիմնականում ավերված էին: Ավտոկռունկավարն աշխատում էր իր մեքենայի լուսարձակի տված լույսի շնորհիվ: Մեր բրիգադը Մոնղոլիայից նաև գրպանի լապտերիկներ էր բերել, որն այստեղ անհրաժեշտություն էր: Առանց լույսի սեփական աղբյուրի, գիշերով, ավերված քաղաքում տեղաշարժվելն իսկ անվտանգ չէր: Խմբակների բաժանված մեր 15 հոգանոց թիմը /մեկին թողել էինք վրանում՝ հերթապահելու/, լինգով, բահով, քլունգով «զինված», հողից, այլ շինաղբից մաքրում, ազատում էր շինությունից մնացած երկաթբետոնյա պատերի, միջհարկային ծածկերի պանելների անկյունները: Քանդում-բացում էինք ամրանը, որպեսզի ավտոկռունկի մետաղալարե ճոպանը կապենք, ամրացնենք ու ավտոկռունկի օգնությամբ, զգուշորեն տեղափոխենք այլ տարածք: Հերթական կոնստրուկցիան հեռացնելուց հետո, ավտոկռունկավարն անջատում էր մեքենայի շարժիչն ու ամբողջ թիմով /ըստ հրահանգի/ ապահովում էինք բացարձակ լռություն: Գործի էր անցնում ֆրանսիացի փրկարարների թիմը, որ կցված էր մեր օբյեկտին: Նրանք աղետի գոտի էին բերել հատուկ վարժեցված լեռնափրկարարական շներ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ կենդանիների մասնակցությունը փրկարար գործողություններին, շատ արդյունավետ էր:   Կեսգիշերին՝ ճաշի ընդմիջմանը, ավելի մոտիկից ծանոթացանք ֆրանսիացի մեր գործընկերների հետ:

Ճաշարան, որպես այդպիսին, չկար: Օբյեկտի տարածքում, օջախի վրա թեյ եփեցինք, բացելուց առաջ տաքացրեցինք մեր պաշարներից ու նաև տեղում մեզ հատկացված մսի պահածոների մետաղյա տուփերը, որպես «փրկարար» յուրաքանչյուրիս հասանելիք հացի չափաբաժինը: Մեր՝ փրկարարներիս նկատմամբ, Աղետի գոտում հատուկ ընդգծված, հարգալից վերաբերմունք կար՝ հնարավորության սահմաններում և դեռ ավելին, մեզ ապահովում էին ամեն անհրաժեշտ բանով: Օրինակ, մեր տեղամասում կանգնեցրել էին «Կվաս»-ի շարժական ցիստեռն, որի պարունակությունը՝ խմելու ջրի պաշարը, պարբերաբար թարմացնում էին: Այդ քաոսի պայմաններում, մշտական լվացվելու, թարմ ու համեղ ջուր խմելու հնարավորությունը մեծ արտոնություն էր: Ժամանակից առաջ անցնելով, ասեմ, որ մի անգամ էլ մեզ մի այլ հաճելի անակնկալ մատուցեցին. կեսգիշերին Գուլպայի ֆաբրիկայի բակ մտավ ռազմադաշտային խոհանոցը հետևից կապած բեռնատարը ու վարպետ խոհարարը, մեզ առատորեն կերակրեց իսկական հայկական հարիսայով: Ողբ ու ցավի, այդ զարհուրելի «թատերաբեմում» սա գերագույն հաճույք էր …

… Միմյանց հյուրասիրեցինք: Մի խոսքով, «փրկարարների» մեջ քաղցած մարդ չմնաց. նույնիսկ շունը ստացավ իր ազնիվ քրտինքով վաստակած մսի պահածոն: Հայ-ֆրանսիական փրկարար թիմը, «internacional» օջախի ջերմությունից, ֆիզիկական ծանր աշխատանքից, բայց մասնավորապես աշխատանքի հոգեկան, ծանր բաղադրիչից խոնջացած, մեկ ամբողջ ժամ հանգստի իրավունք էր վաստակել: Հեշտ չէր, մթության մեջ խարխափելով՝ դիակի մասունքներ փնտրել, գտնել ու դատարկ դագաղները դրանցով լցնել: Այսպիսի հմտություն, մեզանից՝ շինարար-մասնագետներից, ոչ ոք իհարկե չուներ…

Կշտանալուց հետո, սիգարետ վառեցինք: Միմյանց հյուրասիրելով՝ ծխեցինք: Ֆրանսիացուն իմ ունեցած «Պրիմա»-ից տվեցի, նա ինձ իր «Gauluaz»-ից, որը նույնպես բավականին թունդ ծխախոտ էր: Թարգմանիչ չունեինք, բայց մի կերպ միմյանց հասկանում էինք: Ֆրանսիացի երիտասարդները Ազգային գվարդիայի փրկարար ծառայության մարտիկներ էին, որ կամավոր եկել էին Աղետի գոտի՝ օգնելու: Անրին, որ մարսելցի էր, ավելի ստույգ՝ Նիցցայից, ինձ հետ ընկերացավ. տան հեռախոսահամարներով փոխանակվեցինք, միմյանց հյուր հրավիրեցինք: Բայց նրան ինչ-որ խնդիր էր անհանգստացնում: Ասաց, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո, հավանաբար, ծառայողական պատիժ կկրի, քանի որ իրեն վստահված շանը, որ նույնպես ծառայության մեջ է, ճիշտ սննդով չի կերակրում, այլ տալիս է այն, ինչը որ ինքն է ուտում: Նրանց վրանից գողացել էին շան սննդի պահածոյացված ամբողջ պաշարը: Մինչ Ֆրանսիայից նոր խմբաքանակ կուղարկեին, շունը սխալ՝ մարդկային սննդից, կարող էր հոտառությունը կորցնել, այսինքն՝ որակազրկվել: Աղետի գոտու քաոսի մեջ, քաղցած գողերին, ըստ երևույթին, գրավել էր շան պահածոների եվրոպական, ախորժաբեր դիզայնը: Ընդհանուր առմամբ, այս միջադեպը զավեշտալի կարող էր դիտվել, եթե Անրիի համար վատ հետևանքներ չունենար:

Մեկ ամբողջության՝ աղետի բեռի տակ հայտնված մարդ արարածի վերաբերյալ տպավորություններս շատ են՝ բազմազան, հակասական և վերջնարդյունքում, իհարկե՝ դրական: Ուղղակի, լրագրային սեղմ ձևաչափում, ամբողջ կուտակվածն, իհարկե, անհնարին է ներկայացնել…

 

Նորայր ՇԱՀԲԱԶՅԱՆ

Դեկտեմբեր 1988-դեկտեմբեր 2019

«Առավոտ» օրաթերթ

07.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031