Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոնաթան Լաքոտ. «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է այնպես, որ իր գործընկերների միջեւ մրցակցություն չլինի»

Դեկտեմբեր 07,2019 12:00

Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ:

Ֆրանսիայի հետ իրենց երկխոսության ընթացքում ՀՀ իշխանությունները միշտ շատ թափանցիկ են, ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

– Ֆրանսիան կարեւոր պետություն է՝ Հայաստանում իրականացրած ներդրումների տեսանկյունից: Ի՞նչ նոր ուղղություններ, ներդրումային ծրագրեր կան: Որքանո՞վ է հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգանում այս ուղղությամբ:

– Ֆրանս-հայկական հարաբերությունների գերազանցությունը պետք է արտացոլվի նաեւ տնտեսական եւ առեւտրի ոլորտում: Հայաստանի շուկան ներմուծողների եւ ներդրողների կողմից երկար ժամանակ ընկալվում էր որպես բարդ շուկա: Այնուամենայնիվ, 2018 թվականը երկկողմ առեւտրի 66 տոկոս աճով երկուստեք շրջադարձային եղավ։

Այսօրվա մարտահրավերը նոր ներդրողների մուտքը խթանելն է, ովքեր կմիանան Հայաստանում արդեն իսկ հաստատված ներդրողներին (Պեռնո Ռիկար, Վեոլիա, Ամունդի, Կրեդիտ Ագրիկոլ, Քարֆուր, եւ այլն): Վերջին մի քանի ամիսների ընթացքում ֆրանսիական խոշոր ընկերություններ հետաքրքրվել են հայկական շուկայով, մասնավորապես նոր տեխնոլոգիաների, բայց նաեւ գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում: Հետաքրքրված են այնպիսի ներդրողներ, ովքեր մինչ օրս որեւէ կապ չունեին Հայաստանի հետ: Օրինակ՝ վերջերս Ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ ֆրանսիական հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի նոր խանութ է բացվել Մաշտոցի պողոտայում:

Ֆրանսիական ընկերությունները շատ ուշադիր են գործարար միջավայրի բարելավմանը, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդյունավետ դատական համակարգի կայացմանը: Վերջիններս դիտարկում են նաեւ այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են միաժամանակ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմից ԵՄ-ի հետ հարաբերություններում եւ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու համար:

– Հայաստան-ԵՄ համագործակցությանն անդրադառնանք: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ պետությունները վավերացնում են, հուլիսին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց համաձայնագիրը։ Հայաստանի կողմից բարեփոխումները, եվրոպական զարգացման այս ուղղությունն ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանում հատկապես ո՞ր ոլորտներում եք տեսնում խնդիրներ, որոնք կցանկանայիք, որ Հայաստանում ավելի արագ շտկվեին:

– ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) շատ հզոր գործիք է Հայաստանի եւ ԵՄ եւ նրա անդամ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման համար: ՀԸԳՀ-ի կիրառումը կօգնի, մասնավորապես ուղեկցել Հայաստանին իր բարեփոխումներում՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով օգտվել եվրոպական աջակցությունից եւ փորձագիտությունից: Ֆրանսիան, մասնավորապես, աջակցում է «ինստիտուցիոնալ թվինինգին (Twinning)», ինչը հայկական հաստատություններին հնարավորություն է տալիս օգտվել Եվրամիության մեկ կամ մի քանի այլ գործընկեր համանման կառույցների աջակցությունից: Այսպիսով, Ֆրանսիան, Ֆինլանդիայի եւ Էստոնիայի հետ կոնսորցիումում վերջերս շահեց մի թվինինգ ծրագիր, որը կաջակցի Հայաստանի քաղաքացիական ծառայության գրասենյակին:

Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, նաեւ մեծ դերակատարություն ունի դատական ոլորտում բարեփոխումներին աջակցելու գործում, ինչը հիմնարար է Հայաստանում իրավական պետության ամրապնդման առումով: Համագործակցության շատ մեծ ներուժ կա նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում: ՀԸԳՀ- ի կիրառումը կարող է նաեւ նպաստել գործարար միջավայրի բարելավմանը եւ օտարերկրյա ներդրումների խթանմանը, ինչը աճի եւ աշխատատեղերի ստեղծման գործոն է:

Ընդհանուր առմամբ, ՀԸԳՀ-ի շնորհիվ Եվրոպական միությունը եւ նրա անդամ պետությունները կարող են աջակցել բոլոր ընթացիկ բարեփոխումներին։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ:

– Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է այնպես, որ իր գործընկերների միջեւ մրցակցություն չլինի, այլ ընդհակառակը՝  լինի իրական համագործակցություն, ինչի վկայությունն է Մինսկի խմբում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնությունը:

– Որքանո՞վ է Ֆրանսիայի համար ընկալելի հայ-իրանական հարաբերությունները, եւ Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեությունը:

– Այս հարաբերություններն ու գործողությունները գտնվում են Հայաստանի իշխանությունների ինքնիշխանության ներքո, եւ վերջիններս Ֆրանսիայի հետ իրենց երկխոսության ընթացքում միշտ շատ թափանցիկ են եղել այս թեմաների շուրջ:

– Տարածաշրջանային անվտանգությանն անդրադառնանք: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իշխանությունների քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում: Ֆրանսիան մոտ ապագայում խաղաղ կարգավորման հույսեր ունի՞:

– Դիտարկում եմ հակամարտության ծանրությունն ու արժեքը Հայաստանի համար, նրա բյուջեի, տնտեսության, բնակիչների, հատկապես այն երիտասարդների համար, ովքեր իրականացնում են երկար, ծանր եւ վտանգավոր զինծառայություն: Սա իրականություն է, որին առնչվում է յուրաքանչյուր հայ ընտանիք:

Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ համատեղ, ձեռնամուխ է լինում ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ դրա խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ: Հակամարտության կարգավորումը նշանակալի կլինի տարածաշրջանի համար:

– Անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն համատեղ հռչակագիր ստորագրեցին: Հոկտեմբերի սկզբին, սակայն, հայտնի դարձավ,  որ ֆրանսիական Լիոն քաղաքի վարչական դատարանը չեղարկել էր Լեռնային Ղարաբաղի եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքների միջեւ բարեկամության համաձայնագրերը։ Խոսքը՝ ֆրանսիական Դեսին-Շարպե ու Լեռնային Ղարաբաղի Ճարտար, ֆրանսիական Սենտ Էտիեն ու Շուշի քաղաքների միջեւ բարեկամության մասին համաձայնագրերի չեղարկման մասին է: Ադրբեջանական դիվանագիտությունը սկսե՞լ է ազդեցություն ունենալ: Ի՞նչ կասեք այս առիթով, ինչպե՞ս կմեկնաբանեք ֆրանսիական դատարանների կողմից համագործակցության հուշագրերի չեղարկումը:

– Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան իրավասու եմ միայն Հայաստանի Հանրապետության համար: Ավելին, իրավասու չեմ մեկնաբանել անկախ դատարանների կայացրած դատական որոշումները:

– Երկու հարձակումների մասին տեղեկություններ ստացվեցին: Թիրախում Ֆրանսիայի հայկական կառույցներ էին՝ Nouvelles d՚Armռnie ամսագրի խմբագրությունը, այնուհետեւ՝ Փարիզի հարավարեւմտյան Սեւր շրջանում՝ Սամուել-Մուրատ հայկական վարժարանը: Ի՞նչ կասեք այս առիթով:

– Այդ հանցավոր գործողությունները ներկայումս Ֆրանսիայում իրավական հետաքննության առարկա են հանդիսանում, որպեսզի դրանց հեղինակները բացահայտվեն եւ արժանի պատիժ կրեն։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 6.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031