Շիրակի պետական համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո արտերկրից Հայաստան ժամանած մի քանի անվանի հոգեբանների հետ ուսումնասիրել է աղետ տեսած մարդկանց հոգեվիճակը։ Առաջին գործը, որ արել են հոգեբանները, եղել է տարբեր տարիքային խմբերի անձանց երազների ուսումնասիրությունը։ Հատկապես ուսումնասիրել են այն անձանց երազները, որոնք տուժել են երկրաշարժից, կորցրել հարազատներին։
«Քանի որ ողջերի ու մեռածների կապը երբեք չի ընդհատվում, առավոտյան այդ մարդիկ շատ ուրախ խոսակցություն էին ունեցել միմյանց հետ և հետո չէին վերադարձել, այդ կիսատ մնացած խոսակցությունը շարունակվել է երազներում, որովհետև մարդը չէր կարող ահռելի այդ կորուստներին դիմանալ առանց հաղորդակցվելու։ Հաղորդակցության միակ ձևն այդ պարագայում երազներն էին․ իրականությունը շատ դաժան էր, մարդիկ իրենց տեղափոխեցին երազների աշխարհ, երազներով ցանկացան կոմպենսացնել իրենց հոգեկան վիճակը և նաև նախազգուշացնել․ օրգանիզմն իր համար բալանս կամ կոմպենսացիա էր փնտրում։ Հոգեկարգավորումը տեղի ունեցավ միայն ու միայն երազներով», -ասում է էթնոհոգեբանը։
Վերջինս, որը գրի առել է 1000-ից ավելի երազներ («Հազար երազի հուշարձան» գրքի հեղինակն է), առավել տպավորված է երեխաների երազներով։ Ըստ նրա, այն երեխաները, որոնք կորցրել էին ծնողներին, երազում սկսում էին տեսնել ահռելի մեծությամբ առասպելական գազանների։
«Հարցնում էի՝ տեսե՞լ ես իրականում նման գազան, ասում էր՝ չէ, չեմ տեսել։ Ծնողի հզորությունը կորցնելով՝ երեխան կոմպենսացիայի միջոցով ուզում է հոգեկարգավորման գալ, այդ հզոր գազաններն իբր իր բարեկամներն են, իր ընկերներն են։ Ես գիտեմ մի իրական փաստ․ երեխան, որի մի թևը կտրել էին, մյուս ձեռքով անընդհատ շան հետ էր ման գալիս, ինքը թևի պատրանքը իր հավատարիմ շան միջոցով էր կոմպենսացնում։
Կարդացեք նաև
Երեխաների երազներն, անպայման, արևի հետ էր կապված, որ արևը լաց է լինում, երկնքից կարմիր արյուն է գալիս, երկնքից մարգարիտներ են թափվում, որոնք երբ իջնում են գետնին, ջուր են դառնում։ Ես ֆրանսիացի հոգեբան Տոպինատանի հետ եմ աշխատել, որը աշխարհահռչակ է, չեմ ուզում այդ բառը չարաշահել, բայց աշխարհում շատ ճանաչված հոգեվերլուծող է, անմիջապես երկրաշարժից հետո եղել է Հայաստանում։ Ինքն ինձ խորհուրդ տվեց գրի առնել երազները, միակ բանը, որ ճշմարիտ ուղի է մարդկանց հոգեկան աշխարհի բացահայտման համար, դրանք երազներ են։ Միասին գրի ենք առել երազները, որը տվյալ էթնոսի բնութագիրն է, նախապատմությունն է , դիմակայելու փորձն է։
Կուզենայի, անպայման, Սպիտակի աղետը՝ որպես բաց դաս, թեկուզ երազների, մարդկանց ենթագիտակցական կենսագրության միջոցով ներկայացնել աշխարհին,որն, իհարկե, ցայսօր չկարողացանք կատարել։ Երկրաշարժը ներկայացնել իր տնտեսական, կրոնական, բարոյագիտական, հոգեբանական, էթնիկական, ազգաբանական նկարագրով, որպեսզի մարդկության համար փորձ դառնար, որովհետև աղետի չափերն ահռելի էին և դիմակայելու փորձը կուզենայինք ներկայացնել ինչ-որ մի պատկերով։
Ես գրի առա 100-ից ավելի երազներ, բայց երազների մակարդակով ավարտեցինք այդ ամենը, իբրև փորձ, իբրև մոդել՝ ինձ թվում է ժամանակի մեծ չափման մեջ դա կարտահայտվի։ Շատ կարևոր մի բան, որ կուզենայի ֆիքսել, ժամանակի գիծն է ճգնաժամերի պահին՝ ինչպես է մարդն ընկալում ժամանակը, արդյո՞ք մարդիկ ֆիքսված մնացին մեծ ակնթարթին, թե՞ կարողացան կոմպենսացնել, կարողացան մի քայլ կատարել դեպի առաջընթաց։ Մարդկանց հուզական աշխարհի հետ կապված ասեմ՝ իրոք կարողացան հաղթահարել, նոր երեխաներ ունեցան, զբաղվեցին շինարարությամբ, կամ թեկուզ այդ պահի համար իրենց պարտքը կատարեցին, արտասվում էին, գերեզմանոց էին գնում, ողբերգեր էին ասում, գերեզմանաքարերի վրա բացառիկ հետաքրքրություն ներկայացնող գեղարվեստական մակագրություններ ի հայտ եկան։
Այսինքն՝ երկրաշարժը բերեց բանահյուսական և ազգաբանական մի նոր շերտ, որը տվյալ ազգի արքետիպ մտածողության շղթան նորից ու նորից պտտվեց ու բացվեց։ Աղետը ստիպեց, որ էքստրեմալ ճգնաժամերի պահին մարդության իմաստությունը նոր ձևով ի հայտ գար նրա հիշողության մեջ, հիշողության դարձ կատարվեց դեպի անցյալ։ Օրինակ՝ ավելի լավ է դեկտեմբերին արյուն գա, քան անձրև, դա հին մտածողություն է , դեկտեմբերի վեցին անձրև էր գալիս։ Շատ մարդիկ կարողացան վիշտը կոմպենսացնել, որովհետև համընդհանրական էր, մեկը մյուսի միջոցով, անընդհատ պատմելու միջոցով կարողացան, այնուամենայնիվ, նոր երեխաներ ունենալ, նոր ճանապարհներ սարքել, քաղաքն աստիճանաբար հարալեզի նման կարծես արթնացավ»։
Կարինե Սահակյանը ֆրանսիացի հոգեբանի հետ եղել է Գյումրիի բոլոր դպրոցներում, երեխաներին նկարել են տվել՝ ինչպե՞ս են պատկերացնում վիշտը, որտե՞ղ է եղել երեխան աղետի պահին, ինքն այդ ամենի դիտորդն է, թե՞ անմիջական մասնակիցը, ի՞նչ սպասումներ ունի։
«Երեխաները, երևի, սպասման առաջին մունետիկները եղան․ նրանք սկսեցին ինքնաթիռ նկարել, որը օգնություն է բերում իրենց, անգամ սկսեցին իրենց բակը նկարել, մայրը դագաղի մեջ է, բայց ինքը սպասում է, բազմաթիվ ամպեր էր պատկերել, բայց արև կա (Տես լուսանկարներում)։
Բոլոր երեխաները սև ու սպիտակով էին նկարում, թեև գունավոր մատիտներ տվել էինք, բայց ոչ մի երեխա սև ու սպիտակից բացի գույներ չէր օգտագործել։ Բացի նկարելուց, անպայման գրում էր, որովհետև իրեն թվում էր, թե ոչ մեկը չի հասկանում իր հետ ինչ է տեղի ունեցել, գրում էր սեփական կորուստների մասին՝ օրինակ՝ մայրիկ․․․
Մի նկարում երեխան գրել է ՝ քար, քար, քար, այսինքն՝ գլխին քարեր են թափվում։ Նկարներից մեկում փլուզված դպրոցն է, գրում է «բլած դպրոց», բայց տառասխալով։ Ու բոլոր պատկերները երեխաները թեք էին տեսնում, ուղիղ ոչ մի պատկեր չկար»,-հիշում է Կարինե Սահակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարինե Սահակյանի լուսանկարը՝ Շիրակի պետական համալսարանի Ֆեյսբուքյան էջից: