«Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը: «Ա1+» հեռուստաընկերությունը պատրաստվում է մասնակցել առաջիկայում հայտարարվելիք հեռուստակապուղու մրցույթին։
Լրատվամիջոցը պահանջում է նախկինում պարտված 7 մրցույթներն ու դրանց վերաբերյալ դատարանների որոշումները դատական կարգով անօրինական ճանաչել. «17 տարի այս նույն գործընթացի մեջ ենք, իսկ այդ թեթև դադարը, որ եղավ վերջին երեք տարում, դա չի նշանակում, որ մենք մտադրություն չունեինք շարունակել: Առջևում մրցույթ է սպասվում, որին մտադիր ենք մասնակցել: Բայց մասնակցությունից առաջ կուզենայինք բոլոր հարցերի պատասխանը ստանալ: Մենք մասնակցել ենք շուրջ յոթ մրցույթի, յոթ մրցույթում էլ մեկ որոշում է եղել՝ մերժում: Այդ մերժումը եղել է անհիմն և եղել է կարգադրանքի ներքո»:
Հարցին՝ ինչո՞ւ հիմա որոշեցին մասնակցել մրցույթին, Մեսրոպ Մովսիսյանը պատասխանեց. «Հիմա, քանի որ կա Ռոբերտ Քոչարյանի դրվագն այդ ամենի մեջ, քանի որ մեր այս պատմության սկիզբն ինքը դրեց: Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց, որ «Ա1+»-ը պետք է զրկվի եթերից, և կատարածուները դա արեցին: Դա արեցին իրենց կարծիքով՝ փայլուն՝ համարելով մեզ թույլիկ, խաբեբա, անգրագետ և շատ ուրիշ պիտակներ կախելով: Հիմա ես զգում եմ, որ դաշտը բավականին մաքուր է: Եվ այդ մաքրության մեջ ուզում ենք մաքրել մեր անունը, որը տասնյոթ տարի անընդհատ պղծվել է: Տասնյոթ տարի սպասելուց հետո տեսնում ենք այդ հնարավորությունը, որ կարող ենք մասնակցել և պետք է մասնակցենք»:
Հարցին՝ սպասելիքներ ունե՞ք, նա պատասխանեց. «Կգնանք մրցույթի, կպայքարենք ՝ տեսնենք ինչ հաջողությունների կհասնենք: Ես կարող եմ այսօր ասել, որ այստեղ ավելի կարևոր հարց պետք է բարձրացվի: Դա խոսքի ազատության վրա ոտնձգություն ունեցող իշխանության՝ այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների մասին է խոսքը: Կատարվեց այն, որ հիմնականում «Ա1+»-ը հանդիսացավ որպես զսպաշապիկ ամբողջ մամուլի վրա»:
Կարդացեք նաև
Մեսրոպ Մովսիսյանը պնդեց՝ Ռոբերտ Քոչարյանը հիմք դրեց ՀՀ-ում մամուլը ոչնչացնելու ճանապարհի և դրանով շարունակեցին ապրել ամբողջ Հայաստանով մեկ տասնյոթ տարի: Մեսրոպ Մովսիսյանը հայտարարեց. «Հիմա ես կուզենայի, որ գտնվելով այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանը նաև այս հարցին պատասխաներ՝ պատասխան տար իր ոտնձգության համար մամուլի, խոսքի ազատության հանդեպ: Սա միայն «Ա1+»-ի խնդիրը չէ, այլ բոլորի: Բոլորն այսօր բողոքում են մամուլից, որ մամուլն իր դերը չի կատարում, բայց ոչ ոք չի հիշում, թե հիմքը, երբ դրվեց: Վախի մթնոլորտն էր հիմնական պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանն «Ա1+»-ի միջոցով մամուլի հանդեպ ստեղծեց այս երկրում: Այո, «Ա1+»-ը շատ դժվար տարիներ է ապրել: Մեր շանսերը բավականին մեծ են: Մենք վստահ ենք մեր թիմի, ուժերի վրա: Թիմն ունակ է աշխատել: Իհարկե, տասնյոթ տարվա ընթացքում մենք տեխնիկապես, ֆինանսապես մաշվեցինք, տառապանքներ, ծանր օրեր անցանք, բայց շանսերն այն է, որ դատարանը, որը պետք է նայի այս գործը և հուսով եմ՝ ճիշտ կգնահատի մեր այսօրվա քայլը: Այսօրվա քայլը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի դեմ չէ, այլ դեմ է մեր դատարաններին, որ 17 տարի առանց մտածելու գործել են և հասցրել նույն մամուլն այն վիճակի, որն այսօր ունենք: Մամուլում ունենք ծանր վիճակ՝ անգրագիտություն, վախ կողմնապահություն, և այդ ամեն ինչի պատճառը դատարաններն են եղել, որոնք առանց մտածելու վերևից հրահանգավորված որոշումներ են կայացրել: Այսօր ինձ թվում է դա բացառվում է, և դրանից մեր շանսերը մեծանում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ