Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում անցկացված Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ Մոտորսի» «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործի դատական քննությունից հետո լրագրողների հետ զրույցում Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրվել:
Լրագրողները հիշեցրին՝ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։
Բարսեղ Բեգլարյանն արձագանքեց. «Պաշտոնապես ինձ որևէ մեկը տեղյակ չի պահել այդ մասին: Երկուշաբթի օրն ինձ կանչել են ՀՔԾ»:
Հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքը, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Ինձ ոչ մի բան չեն ասել, գնացեք ՀՔԾ-ին հարցրեք: Ինձ երկուշաբթի՝ ժամը 14.00-ին կանչել են ՀՔԾ: Ոչնչից տեղյակ չեմ, բայց մեղադրանքը կեղծ է»: Լրագրողներն ասացին՝ ասում են, թե Սերժ Սարգսյանն է միջնորդել, որ իր ընկերությունը դիզվառելիք մատակարարի: Նա արձագանքեց, թե նման բան բացառված է ու ասաց, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ գործ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ: Լրագրողներն ասացին՝ նրա համար, որ Սերժ Սարգսյանն իր ընկերն է: Նա պատասխանեց. «Հետո՞ ինչ իմ ընկերն է: Իմ ընկերը բոլորն են…Ինձ համար ՀՔԾ գնալը սովորական, ամեն օրվա ճաշ է: Մի օր ստեղ են կանչում, մեկ օր այնտեղ»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ այս գործով մեկուկես-երկու ամիս առաջ հարցաքննվել է, Սերգո Կարապետյանի հետ առերեսում է եղել է. «Չեմ հիշում. այնքան անլուրջ եմ վերաբերվում դրան, իմ ուղեղում նման երկրորդական ինֆորմացիա չեմ պահում»:
Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ այս գործով երրորդ նախագահի հետ առերեսում չի եղել: Հարցին՝ մեղադրանքի մասին հայտնի դառնալուց հետո քննարկե՞լ է այն Սերժ Սարգսյանի հետ: Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ ոչ:
Այնուհետև լրագրողների հարցին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ինչո՞ւ չի փոխանցել, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց` չփոխանցեցի, գլխավոր գործընկերը ես եմ եղել՝ հանձին Արարատ բանկի և 40 միլիոն փոխանցել եմ: Այն մեր լավագույն հիմնադրամներին մեկն է և ազգովի պետք է օգնենք»:
Հստակեցմանը՝ Սերժ Սարգսյանը շարունակո՞ւմ է ընկերը մնալ, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Նա իմ ընկերը եղել է, կա ու մնալու է: Դա գաղտնիք չէ: Համոզված եմ՝ դա այնքան փոքր գործ է, որ նույնիսկ ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա իր գործունեությունը միշտ օրենքի տառին համահունչ է վարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ