Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցության պարզաբանումը՝ իշխանության դեմ «պարտիզանական հարվածներ» հասցնելու թեմայով

Դեկտեմբեր 06,2019 18:50

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է, թե ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իշխանության դեմ այսպես կոչված «պարտիզանական մարտեր մղելու» հորդոր է հնչեցրել։ Կանադայում գտնվող Սաղաթելյանն «Ազատությանը» տեղեկացրել է, որ հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծում է՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին կայացած ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։ «Դա եղել է մեր հերթական հավաքներից մեկը, որին մասնակցել է շուրջ 150 հոգի, եղել է Մարգարյանը, այդ հավաքին մասնակցել է իբրև պարզ շարքային կուսակցական ընկեր, ինքը ևս խոսք ունեցել է այդ հավաքի ժամանակ, բայց այն, ինչ որ ներկայացվում է, դա իրականության հետ կապ չունի», – ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն այդ «պարտիզանական» ձևակերպումը, այդ պայքարի մեթոդների հորդորը չի՞ եղել նրա կողմից,Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց․ «Կոնտեքստից կտրված, իրականության հետ առնչություն չունեցող ձևակերպումներով հավաքից տեղեկություններ են դրել շրջանառության մեջ մարդիկ, ովքեր այդ հավաքին ներկա չեն եղել: Այսինքն՝ եթե ներկա չեն եղել, ի՞նչ գիտեն՝ ինչ է խոսվել»:

Իսկ Tert.am–ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ–ն։

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

– Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը:

Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետևում, պարզապես չեն ճանաչում մեր կուսակցությանը և չգիտեն, որ այն որևէ ժամանակ չի ղեկավարվել միանձնյա կերպով, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում:

Նրանք կա՛մ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցության ներկա ղեկավարության գործունեությունը, կա՛մ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցվածքը Դաշնակցության դեմ ընդհանրապես:

– Կուսակցության ղեկավար մարմիններից դուրս գալուց հետո, կարծես թե, պասիվ եք, վերջին մեկ տարում քաղաքական գործընթացներում չեք, ինչո՞ւ:

-Այո, որ վերջին մեկ տարվա ընթացքում հնարավորինս խուսափել եմ հանրային ակտիվությունից և հրապարակային ելույթներից՝ իմ բաժին գործն ու առաքելությունը համարելով միայն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:

Ընդամենը երկու անգամ եմ հանդես եկել հրապարակային խոսքով՝ երկու անգամն էլ խոսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դեպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որևէ պարագայում չպետք է խախտի երկրի կայունությունը, որը հիմնական գրավականն է Արցախի անվտանգության:

-Դրա՞ն է առնչվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:

– Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագա գործը և այս գործով եմ պատրաստվում նախկինի պես շարունակել ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին:

– Պարո՛ն Մարգարյան, ՀՅԴ շարքերից արտաքսված ուսանողների մասին ի՞նչ կասեք,  խնդիրներ ու պահանջներ են ներկայացնում, հետևո՞ւմ եք գործընթացներին:

– Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգությունս ու ցավս հայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդավանքներում: Սա անթույլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության ու դավաճանության: Ավելին` այս կապակցությամբ ասել չեմ կամենում:

Վերջում միայն ավելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցության ղեկավար կազմում, Դաշնակցությունն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունեությունը և թույլ չի տալու դրանից որևէ շեղում: Եվ որևէ մեկին չի հաջողվելու արգելել մեզ մտածել, արտահայտվել ու գործել:

Ի դեպ, հատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից և այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին և մեղադրանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031