Aravot.am-ը Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին առաջարկեց դիրքորոշում հայտնել իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնի նախաձեռնության վերաբերյալ, ըստ որի՝ Հայոց բանակում ծառայել չցանկացողները կարող են 10 միլիոն վճարել եւ արագացված ընթացակարգով ծառայել ընդամենը մեկ ամիս: Նաեւ հիշեցրինք, որ օրերս պատգամավորը այդ առիթով պաշտպանության նախարարությունը հորդորել էր ուսումնասիրել այլ երկրների օրինակները:
«Պաշտպանության նախարարությունն իրավասության սահմաններում միջազգային փորձը ամեն օր է ուսումնասիրում եւ տարբեր մոդելները, որ այսօր գործում են եւ օրենքով սահմանված են, դրանք հենց իրականացվել են նաեւ միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա: Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանի այն նախագծում, որը ես եմ տեսել, հիմնավորումների մեջ որոշակի անդրադարձ կա միջազգային փորձին: Օրինակ, մեր հարեւան Թուրքիային, Վրաստանին, Ռուսաստանին: Ես չգիտեմ դրանց հիմնավորվածության աստիճանը, որովհետեւ վերջերս նորություններում կարդացի մի փորձագետի, որն ասում էր թե այդ երկրներում էլ չկա այդ ձեւաչափը, որն առաջարկվում է: Այսինքն, մենք մեր գործառույթները հստակ իրականացնում ենք եւ որեւէ առումով չենք գտնում, որ միջազգային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում:
Հայաստանի զինված ուժերը, հասարակությունը, քաղաքացիները, պետական իշխանությունը առանձնահատուկ պայմաններում են իրենց գործունեությունը ծավալում եւ որեւէ միջազգային փորձ, որ կիրառվել է այլ երկրում, չի կարելի չոր վերցնել եւ առաջարկել, որ դա կիրառվի Հայաստանում:
Մենք բաց ենք քննարկումների համար եւ ցանկացած լավ փորձ, որը կիրառելի է Հայաստանում, մենք կարող ենք լոկալիզացնել եւ փորձել դա անել: Բայց այս պարագայում, այս ձեւաչափը, որ առաջարկել է պարոն Սարգսյանը, ես անձամբ մեր գործընկերոջն էլ եմ ասել, որ սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ:
Կարդացեք նաև
Քանիցս հայտարարել ենք, որ զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող անցնում է առնվազն հինգ ամսվա ուսումնական փուլ: Կախված զորատեսակից, այդ փուլը կարող է ավելի երկար տեւել: Մինչեւ այդ ուսումնական փուլը չանցնի, զինվորը չի անցնում իր իսկական զինվորական ծառայության պարտականությունները կատարելուն՝ մարտական հերթապահություն եւ այլ ծառայություններ:
Հավատացեք, այդ հինգ ամսվա փուլը շատ լուրջ ու քրտնաջան աշխատանք է: 17 առարկա է մտցված՝ սկսած շարային պատրաստությունից, մարդասիրական իրավունքից, մինչեւ համապատասխան զորատեսակների դասընթացներ: Եվ սա վերցված չէ որեւէ պետության ծրագրից, այլ հատուկ մշակված է մեր զինված ուժերի համար:
Այնուամենայնիվ, պարոն Սարգսյանի հայտարարությունից հետո ես հետաքրքրվեցի, թե մենք ունե՞նք որեւէ զորատեսակ կամ զիվորական որեւէ մասնագիտություն, որտեղ կարող ենք իրականացնել մեկ ամսվա ծառայություն: Եվ որեւէ հիմնավորում չգտա», պատասխանեց փոխնախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ