«Ունի՞ ԿԳՄՍ նախարարությունը պատասխան, թե ինչո՞ւ են դպրոցական ծրագրերից դուրս բերվում «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Հայրենագիտություն» առարկաները, ինչպես նաև բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիրից հայեցողական դառնում: Ի՞նչ նշանակություն ունի այս նախաձեռնությունը կրթության ազգային շահի տեսանկյունից։ Արդյո՞ք, կրթությունը միայն գիտելիք է, թե՞ գիտելիք է՝ գումարած արժեհամակարգ, ազգային արժանապատվություն ու հայրենասիրություն։ Չէ որ ազգերի համար կրթությունն ունի կարևորագույն պաշտպանողական գործառույթ։ Հատկապես, երբ խոսքը փոքրաթիվ ազգերի ու ոչ բարենպաստ աշխարհագրական դիրք ունեցող երկրների մասին է: Ինչպե՞ս պահել ինքնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, կրթամշակութային հանձնախմբի ղեկավար Նունե Ամիրյանն` անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած եւ հանրային հուզումների՝ ընդհուպ մինչեւ ցույցեր, դասադուլներ, նստացույցեր և արդեն բռնություններ հրահրած նախաձեռնություններին:
Մեր զրուցակիցը ողջունում է երիտասարդների դիրքորոշումը եւ հետեւողականությունն այս հարցերում: Թեեւ խնդիրը թվացյալ կրթական է, բայց ըստ Նունե Ամիրյանի, ուզենք, թե`ոչ, դա նաեւ գոյութենական ենթատեքստ է ստանում, քանի որ մեր ազգի և պետության համար առանձնահատուկ կարևոր են ազգի ինքնությանը եւ ազգապահպանմանն ուղղված քայլերը: Մեր զրուցակիցն արժևորում է, որ հայ երիտասարդը շահագրգիռ է եւ հետամուտ ազգապահպանման հարցերով: Անդրադառնալով նախօրեին՝ ցուցարար երիտասարդների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի կիրառման դեպքին, ինչից հետո ցուցարարները բերման էին ենթարկվել, մեր զրուցակիցն ասաց. «Ցավում եմ, բայց «նոր Հայաստանի» իշխանություններն ընդամենը մեկ տարին չբոլորած կրկնում են նախկինների գործելաոճը: Ոչ միայն կրկնում են, այլև գերազանցում՝ առանց երկխոսության հնարավորության՝ անցնելով անհամաչափ ուժի կիրառման: Ինչո՞ւ չի կարելի երկխոսել, ինչո՞ւ նորմալ երկխոսության փոխարեն արհամարհանք են դրսևորում քաղաքական հակառակորդների նկատմամբ: Ինչո՞ւ չի կարելի հասկանալ հայ երիտասարդի անհանգստության խորքային պատճառները, և լսելու, ընդհանուր եզրեր փնտրելու, մտահոգությունների վերաբերյալ խոսելու փոխարեն անցնում են բիրտ գործողությունների: Միթե՞ ոչինչ չի փոխվել: Ինչո՞ւ են բռնի մեթոդներ կիրառվում այն երիտասարդության նկատմամբ, ովքեր պայքարում են իրենց հայ լինելու իրավունքի և իրենց արժեհամակարգը պաշտպանելու համար»:
Մեր զրուցակցի կարծիքով, տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կապ չունեն հեղափոխական արժեքների հետ. «Նախ հեղափոխական կոչով ոտքի է կանգնում հայ երիտասարդը, ուսանողը, վաղվա Հայաստանը կերտողը՝ հույսով, որ կառուցելու է իր երազած Հայաստանը՝ ազգային ու ավանդական արժեքներով, ստեղծելու և կատարելության է հասցնելու իր երկիրը՝ հայեցի ու իր զավակների ապրելու իրական վայրը, որ հետ են վերադառնալու իր եղբայրներն ու ընկերները, որ ծնվելու են նոր սերունդներ, որ պիտի ապրեն ավելի լավ Հայաստանում… Ավաղ, այդ Հայաստանը չի եկել։ Նոր Հայաստանի ազգային արժեքները շեղվել են իրենց ուղեծրից, դրանք այլ են՝ առանց հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության՝ բուհական կրթություն, Ստամբուլյան կոնվենցիայով պարտադրվող արժեքներ կամ դրանց «պաշտպանություն», ազգային արժեքների համար պահանջատեր երիտասարդների նկատմամբ ուժի կիրառում»:
Մեր զրուցակիցը hավելում է՝ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մինչ այժմ որդեգրած քաղաքականությունը. «Մենք վրդովված ենք կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերից եւ կոչ ենք անում բոլոր հայակենտրոն ուժերին ձևավորել ազգային համերաշխության միջավայր, թույլ չտալ իշխանության մեջ հայտնված և օտարածին օրակարգեր սպասարկող տարրերին հայկական արժեհամակարգի ոտնահարմամբ թուլացնելու մեր ընդհանրական դիմադրողականությունը ու պաշտպանունակությունը»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ