Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուրն իր շրջապատում ունի Քաջ Նազարներ, Ձախորդ Փանոսներն են վերջին շրջանում ավելի շատացել». ՀՀ մշակույթի գործիչ Սամվել Խալաթյան

Դեկտեմբեր 06,2019 17:45

Կայացավ «Թումանյանի աշխարհը» ներկայացման առաջնախաղը

Վանաձորի Հովհ. Աբելյանի պետթատրոնի բեմում առաջնախաղ էր: Թումանյանի 150-ամյա հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում «Հորովել» երգի-պարի անսամբլը պարարվեստի դպրոցի հետ համատեղ ներկայացրեց «Թումանյանի աշխարհը» պարային բեմադրությունը՝ միավորելով պարն ու թատրոնը:
Ներկայացման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել էր 1.5 մլն դրամ, 600 հազար դրամով աջակցեց նաեւ Վանաձորի քաղաքապետարանը, որը բավականացրեց միայն զգեստների եւ ձայնագրման համար: «Թումանյանի աշխարհը» ներկայացումը սինթեզեց նաեւ մշակութային քաղաքները՝ ձայնագրությունը կատարվել էր Գյումրիի «Հորիզոն» ստուդիայում, զգեստների ոճավորումը Երեւանի «Տերյան» մշակութային կենտրոնը: Վանաձորցի դրամատուրգ Սամվել Խալաթյանի թումանյանական հանգով գրված տեքստը կարդացել է Սամվել Թոփալյանը: Ներկայացումն էլ իր լուծումներով հանդիսատեսին իրոք տեղափոխում էր Էն Լոռվա ձորը՝ բնաշխարհով, կոթողներով եւ կոլորիտով:
Ներկայացման բեմադրիչ, «Հորովել» երգի-պարի անսամբլի բալետմայստեր, պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ Գեւորգյանն ասում է՝ «Հորովելը» հանդիսատեսին ներկայացավ ձեւաչափից դուրս, մենք սովոր ենք տեսնել հետաքրքիր, դինամիկ կոլորիտային պարեր, բայց այս ներկայացման մեջ պարողներից պահանջվեց արտիստիկ պահվածք եւ դերասանի վարպետություն. «Սինթեզելով թատրոնն ու պարը ներկայացրել ենք թե ինչպես է Թումանյանը կերտել իր հերոսներին: Եվ այն, ինչ ամենայն հայոց բանաստեղծը շարադրել է թղթի վրա, մեծ գրողի կերպարը կենդանանում է բեմում՝ Սարոյին ու Մոսիին չուխա հագցնում, Անուշի հոգուն անհանգստություն պատճառում, Լոռեցի Սաքոյին գժվացնում Քաջ Նազարին գլխին թագ դնում»:
Սցենարիստ դրամատուրգ, ՀՀ մշակույթի գործիչ Սամվել Խալաթյանի համար Թումանյանն այն մեծությունն է, որին պետք է ամեն օր անդրադառնալ եւ հատուկ 150-ամյա հոբելյան նշել պետք չէ. «Թումանյանը միշտ ժամանակակից է, այդ մենք ենք հնանում: Նա մշտապես ապրում է յուրաքանչյուրիս մեջ, այնքան, որ հիմա յուրաքանչյուրն իր շրջապատում ունի Քաջ Նազարներ, Ձախորդ Փանոսներն են վերջին շրջանում ավելի շատացել, Լոռեցի Սաքոները միայն գիշերները չեն տեսիլքներ ունենում: Այս բոլոր հերոսներն արդիական են, շրջապատում են մեզ մեր կյանքում, մեր առօրյայի մի մասնիկն են՝ մեր ընկերներն են, բարեկամները, ընտանիքի անդամները»:
«Հորովել» անսամբլի տնօրեն Արմեն Ներսիսյանն ասում է, իհարկե սա մեծ նորություն չէր արտիստների համար, անսամբլի պարողներից շատերը տիրապետում էին դերասանի վարպետությանը, բայց հնարավոր չէր սրան հասնել միայն «Հորովելի» ջանքերով, քանզի շենքային պայմանները թույլ չեն տալիս. «Շենքն այս պահին վերանորոգման խնդիր ունի, միայն ցուրտը բավական է, որ հանդիսատեսին ընկճի: Բացի այդ՝ մշակույթի պալատի բեմն ավելի փոքր ու անհարմար է իր չափերով եւ նման բեմադրություն հնարավոր չէ իրականացնել: Նախ պետք է լուծել շենքի խնդիրները, որի համար արդեն դիմել ենք նախարարություն»:

Հորովելցի Բենիկ Հախվերդյանը, որ մի քանի տիպարային դերերում է հանդես եկել, ասում ՝է նորություն էր, հատկապես, որ երկրորդ անգամ փոփոխված տարբերակով ենք ներկայացնում: «Յուրաքանչյուր պետք է բեմում կերտի իրեն վստահված հերոսին: Դժվար է, իհարկե, պարողի գործը բարդացել է, նա երկու գործ միաժամանակյա պետք է կատարի, անգամ հայացքով եւ ժեստերով խոսի հանդիսատեսի հետ»:

Ներկայացումն անշուշտ հաջողվեց, լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսը հետեւում էր բեմում կատարվող իրադարձություններին: Անգամ ավարտին, երբ վարագույրները փակվել էին հանդիսատեսը դեռ ծափահարում էր:

Ստեղծագործական խումբը նախատեսել է գարնանը հյուրախաղերով հանդես գալ, Գյումրիում, Երեւանում, նաեւ հանրապետությունից դուրս:

Նանե ՍԱՔԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վալոդյա Զաքարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Թույլ համերգ էր ավաղ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031