«Բանակցությունները պարզապես սեղան չէ, որի շուրջ նստած են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և երկուսով քննարկում են: Բանակցությունները գործընթաց են, որոնց ներգրաված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Եվ, եթե Հայաստանը չգնար բանակցությունների, ըստ էության, կստացվեր, որ ադրբեջանական կողմի սադրանքը գործում է: Իրենք ինչ-որ հայտարարություն են շրջանառում, հետո մենք հրաժարվում ենք բանակցություններից, որտեղ սեղանի շուրջ ներկա են նաև միջնորդ երկրների ներկայացուցիչները, և զրկում ենք մեզ նաև հարթակից, որտեղ կարող ենք ներկայացնել մեր դիրքորոշումը, մեր տեսակետը ու բանակցել մեր օրակարգի շուրջ։ Ճիշտ որոշում էր վարել կոշտ բանակցություններ, ինչը հետո ընդունեց Ադրբեջանի արտգործնախարարը», – «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրբելի» կենտրոնի քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը։
Կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով հատկանշական է այն հանգամանքը, որ համանախագահող երկրներն իրենց հայտարարության մեջ անդրադառնում են նաև ընդհանուր բանակցային գործընթացներին, կարևորելով մասնավորապես բովանդակային բանակցությունները, միևնույն ժամանակ վերահաստատելով երեք հիմնարար սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման սկզբունքը։
Բանախոսներն անդրադառնալով արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպմանը՝ ընդգծեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարեկան կտրվածքով արձանագրել են մի քանի ոլորտներում հայ-ադրբեջանական հարաբերությունների գրանցված դրական արդյունքներ, օրինակ՝ լռության հարաբերական ցածր մակարդակ (սահմաններում տիրող համեմատաբար հանգիստ իրավիճակը), կարևորվել է կողմերի կապի օպերատիվ օգտագործումն ուղղված իրավիճակի լարվածության նվազեցմանը: Ինչպես նաև ընդգծվել են մարդասիրական միջոցառումները, որի լավագույն օրինակն, ըստ համանախագահողների՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններն են և հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի բանտարկյալների (իրենց ձևակերպմամբ) համաժամանակյա ազատ արձակումը։ Համանախագահողները ընդգծել են նաև նախորդ տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ Կարմիր խաչի հետ համագործակցությունը՝ անհետ կորած մարդկանց տվյալների փոխանակման ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմը տարածել է հայտարարությունը, որն այո՛, իր մեջ պարունակում է երեք հիմնական սկզբունքներից մեկի ակնհայտ խախտում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` այդտեղ, ըստ էության, թաքնված ուժի սպառնալիք կա, ինչպես այդ երկրի նախագահի տարբեր հայտարարություններում»,- ասաց քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը հավելելով, որ Ադրբեջանի հնչեցրած հայտարարություններն ու ռեալ բանակցային գործընթացում իրենց գործելաոճը ամբողջությամբ չեն համընկնում։ Համաձայն նախորդ տարիների փորձի՝ ադրբեջանցիները բանակցում են այն դետալների շուրջ, որոնք իրենց հռետորաբանությամբ մեկնաբանվում են, որպես բանակցության ոչ ենթակա առարկա: Իրենց ձևակերպմամբ՝ Ադրբեջանը բանակցում է զորքերի դուրս բերման և տարածքների հանձնման թեզերի շուրջ, բայց բանակցությունների ժամանակ խոսում են մարդասիրական քայլերից, հրադադարի մեխանիզմներից։
Կարդացեք նաև
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ