Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում Երեւանի 2019 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու եւ «Ամանոր 2020» միջոցառումների կազմակերպման համար 271 միլիոն 797 հազար դրամով նպատակային հատկացումներն ավելացնելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին. «Որքա՞ն է արժեցել Գորան Բրեգովիչին Երեւան հրավիրելը մեր բյուջեի վրա: Ինչպես գիտենք, 271 միլիոն դրամը կառավարությունն է հատկացնում, իսկ Երեւանի բյուջեից կհատկացվի 54 միլիոն: Բրեգովիչի հոնորարը որքա՞ն է, եւ ինչպե՞ս եք որոշել, որ Ամանորի գիշերը մեզ մոտ հյուրընկալվեր Բրեգովիչը եւ ոչ մեկ այլ երաժիշտ, չհաշված այն, որ Բրեգովիչը աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտ է, սակայն հայ հանրության համար ոչ այդքան շատ հայտնի»:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ տեղյակ չի, թե ինչպես է ընտրվել Բրեգովիչը, հոնորարի չափից էլ տեղյակ չէ, որովհետեւ տոնական միջոցառումը կազմակերպող ընկերությունն է կազմակերպում երաժշտի ելույթը:
Առաքելյանն արձագանքեց՝ քաղաքապետարանը չգիտի՞ որքան բյուջե է հատկացնում այդ ելույթի համար: Քաղաքապետը խնդրեց՝ գրավոր դիմել, պատասխանը կստանան: Այս հարցի պատասխանը կարող էր տալ մեկ այլ փոխքաղաքապետը՝ Վիրաբյանը, որը սակայն արձակուրդում է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ