Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ օգտվելով առիթից՝ լրատվամիջոցների օգնությամբ դիմեց զինվորական ծառայությունից ինչ-ինչ պատճառներով խուսափած 27 տարին լրացած Հայաստանի քաղաքացիներին: «Ես մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչեւ մարտի 1-ը, ցանկանում եմ հորդորել՝ վերադառնալ Հայաստան: Դրանից հետո արդեն ենթադրվում է քրեական պատասխանատվություն: Այն ձեւաչափը, որը 2004 թվականից գործել է, այլեւս չի երկարացվելու, եւ սա արդեն հստակ դիրքորոշում է: Մենք արդեն իսկ հայտարարել ենք եւ ժամկետները երկարացնելու՝ պատգամավորական նախաձեռնությանը, որ այսօր շրջանառության մեջ է, կարծում եմ, առաջիկա նիստով կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի եւ բացասական եզրակացություն կտա»:
Գործող ձեւաչափը հետեւյալն էր: Յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար նախատեսվում էր վճարել 200 հազար դրամ: Եթե անձը բոլոր 18 զորակոչերը խուսափել է, ապա խոսքը 3 մլն 600 հազար դրամի մասին էր:
Ըստ փոխնախարարի, այս ձեւաչափը այլեւս չի շարունակվելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ