Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամանոր 2020» միջոցառումներին՝ 271 միլիոն 797 հազար դրամ. Խաժակյանը հետաքրքրվեց՝ սեւ ցուցակ գցած ընկերությանն են ընտրում

Դեկտեմբեր 06,2019 16:49

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի  2019 թվականի բյուջեում վերաբաշխում կատարել եւ այս տարվա  բյուջեում նպատակային հատկացումներն ավելացնել 271 միլիոն 797 հազար դրամով: Այս գումարն, ըստ նախագծի, ուղղվելու է «Ամանոր 2020» միջոցառումներն իրականացնելուն՝ գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն եւ սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձեւավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, տրամաբանությունը, որ քաղաքապետարանը մի կազմակերպությանը, որին ամիսներ առաջ գցել էր սեւ ցուցակ՝ ընթացակարգային խախտումների համար, այդ նույն կազմակերպությունից մեկ անձից գնում է կատարում: Փոխքաղաքապետը պատասխանեց. «Եթե խոսքը «Ֆակտորի փրոդաքշն»-ի մասին է, ապա պետք է ասեմ, որ կազմակերպությունը սեւ ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո, վերջինից պահանջվող փաստաթղթային հիմնավորումներից մեկի ուշ ներկայացման պատճառով: Ընդ որում, այս հանգամանքն օրենքի ուժով քննվել է բողոք քննող անձի կողմից, խախտումը որակվել է ոչ էական խախտում: Արդյունքում ընկերությունը չի հայտնվել սեւ ցուցակում»:

Թե ինչու է քաղաքապետարանն այս ընկերությանն ընտրել, փոխքաղաքապետը պարզաբանեց. «Ընկերությունների ընտրությունը կատարել է մասնագիտական թիմը՝ որպես մշակույթի ոլորտում որոշակի փորձ, նվաճումներ եւ դրական արդյունքներ ունեցած կազմակերպություն: Այսինքն` նշված խախտումները էական չեն դիտարկվել, ընտրությունը, հավանաբար կանգնել է այսս ընկերության վրա»:

«Լույս»-ից Անի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց՝ մամուլում հրապարակում կա, ըստ որի, 5 միլիոն 199 հազար դրամ տրամադրվում ենք Կենտրոն վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների տնօրեններին հյուրասիրության համար՝ դեկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում. «Ամեն մարդու համար 20 հազար 796 դրամի կարգի գումար, օրինակ՝ «Բելաջո»-ի կարգի ռեստորանային համալիրի նման ինչ-որ տեղ անելու համար: Ի՞նչ է սա, արդյոք մյուս վարչական շրջաններն է՞լ են ներառվելու, թե՞ միայն Կենտրոնին է տրված քեֆի հնարավորությունը»:

Քաղաքապետ Հակ Մարությանն էլ նշեց՝ այդ հարցին կարող է պատասխանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, որը ներկա կլինի ավագանու հաջորդ նիստին. «Ինձ էլ է հետաքրքիր այդ հարցի պատասխանը: Կսպասենք հերթական նիստին»:

Անի Խաչատրյանը պնդեց՝ այս բյուջեով է նախատեսված: Մարությանն ուղղեց՝ վստահաբար այս հարցի հետ դա առնչություն չունի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031