Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան ճոճանակ. ինչ են տալիս բանակցություններն ու հանդիպումները. Մարկեդոնով

Դեկտեմբեր 06,2019 16:24

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նստաշրջանում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հերթական փուլը: Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հանդիպումը թվով 5-րդն էր անցնող 2019թ.: Դրան գումարենք նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրագույն ներկայացուցիչների հանդիպումները նրանց հետ և միջնորդների տարածաշրջանային այցերը: Առաջին հայացքից ակտիվացած բանակցային գործընթաց: Մի խնդիր կա. հանդիպումների և շփումների թիվը չի վերածվել Անդրկովկասում անվտանգության ամենաբարդ խնդրի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում գործնական լուծումների, «Կոմերսանտ» կայքում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Հակամարտության կողմերը պատրաստ չեն զիջումների առկա հարցերից ոչ մեկի շուրջ (ԼՂ ապագա կարգավիճակը, նախկին ԼՂԻՄ հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ): Ընթացիկ տարվա մայիսին լրացավ ԼՂ-ում հրադադարի անժամկետ դադարեցման համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-րդ տարին: Բայց հրադադարը պարբերաբար խախտվում է: Եվ մենք տեսնում ենք «Ղարաբաղյան ճոճանակի» աշխատանքը, երբ բանակցությունների նոր փուլերն ուղեկցվում են շփման գծում սրացումներով:

Սակայն դա սպառնալիքի միակ աղբյուրը չէ, զինված բախման ալիքներ նկատվում են նաև Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչը սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ-ի ուղղակի կամ անուղղակի միջամտության համար: 2019թ. հուլիսին նշվում էր մեկ այլ հոբելյան՝ այսպես կոչված հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակի հրապարակման տասնամյակը, որի համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջարկել էին հակամարտող կողմերին փոխզիջման հասնել: Սակայն այդ ամբողջ ընթացքում կողմերը նշանակալի քայլեր չեն ձեռնարկել իրենց առաջարկած կոնկրետ միջոցառումները իրականացնելու համար:

Արդյոք այս ամենը նշանակում է, որ շարունակվող բանակցություններն ու հանդիպումներն անիմաստ են: Առաջին հայացքից դրանց ՕԳԳ-ն բարձր չէ, քանի որ չկան շոշափելի արդյունքներ: Բայց խնդրին առավել խորությամբ ծանոթանալով ու գնահատելով՝ ինչ կետում է գտնվում հակամարտությունը, պատասխանն այդքան միանշանակ չէ: Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ  փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք չեն դրսևորում, միաժամանակ չեն տիրապետում այնպիսի ռեսուրսների, որը նրանց ապահովեր ճնշող առավելություն: Որպես հետևանք, «ղարաբաղյան ճոճանակն» է, որի դեպքում դիվանագիտական ձևաչափը լրացվում է ուժային «փորձարկումներով»:

Այս իրավիճակում սկզբունքային նշանակություն է ստանում ճգնաժամային կառավարումը: Եթե չի հաջողվում տեսանելի ժամկետներում հասնել խաղաղության, ապա լիցքաթափումը «շփման գծում», միջադեպերի կանխումը և անգամ երկխոսության շարունակությունը վատ արդյունք չեն: Այդ ամենն օգնում է որոշակի համագործակցություն, որի այլընտրանքը դիմակայության «ապասառեցումն» է:

Առանց վստահության փոքրիշատե նվազագույն մակարդակի՝ հակամարտության կարգավորման բովանդակային երկխոսություն հնարավոր չէ: Բայց այդ մակարդակին հասնելը, իսկ հեռանկարում դրա բարձրացումը օդից չի իջնում. անհրաժեշտ է մանրակրկիտ աշխատանք, որը հնարավոր չէ պատկերացնել առանց պարբերաբար հանդիպումների, գագաթնաժողովների և բանակցությունների:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031