«Վստահեցնում եմ պարոն Բաբաջանյանին, որ մեր հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին, եւ ոչ միայն այդ տեղեկատվությունը, այլ որոշ այլ տեղեկություններ էլ ունենք»,-խորհրդարանի նիստում այսօր անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի մեջբերմանն այն մասին, որ ըստ ՀՅԴ-ից հեռացված երիտասարդների՝ ՀՅԴ ԳՄ նախկին անդամ Հրանտ Մարգարյանը հրահանգել է պարտիզանական մարտեր հղել իշխանության դեմ, ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Նա նշեց. «Բոլոր ուժերին, խմբակներին, անհատներին, որոնք թեկուզ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել օրենքից չբխող քայլեր… եթե կոռուպցիայի դեպքում իրենք կավարտեն միայն թաթիկներ կտրելով, ապա այս պարագայում համակցված է լինելու՝ ծեփվելու են պատերին, փռվելու են եւ նման այլ գործողություններ: Որեւէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ ձեռնարկել քայլ, որը չի բխում սահմանադրությունից: Այն այսպես ասած պարտիզանական պատերազմները, որոնք մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Սա ասում եմ մեր հանձնաժողովի անունից, հանգիստ վեր ընկեք տեղներդ»:
Կարապետյանը հավելեց, որ հանձնաժողովը նշված խնդրով զբաղվում է. «Մեր տեղեկություններով՝ այն երիտասարդները, որոնք երեկ «Հանրայինի» եթերում դիրքորոշում են արտահայտել, քայլեր են ձեռնարկվել նրանց հանդեպ: Հիմա ԱԱԾ-ի եւ ոստիկանության հետ փորձում ենք պարզել, թե ինչ է եղել: Վստահաբար, հարցն իրավական ընթացք է ստանալու: Լուրը պաշտոնապես հաստատված չի, թեեւ մանրամասներին տիրապետում ենք եւ քայլեր ձեռնարկում, աշխատում ԱԱԾ-ի եւ ոստիկանության հետ»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ որոշմամբ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը հեռացվել էին կուսակցության շահերից:
Կարդացեք նաև
Միության որոշ անդամների տարածած նամակում այդ թվում ասված է. «Հոկտեմբերի 31-ին ԳՄ-ն հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ