Հայաստանում կազմակերպված «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով գիտաժողովին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ ազգությամբ լեզգի հասարակական գործիչ Վագիֆ Քերիմովը, որն այժմ ապրում է Ռուսաստանում:
Aravot.am-ի հետ հարցազրույցում նա հայտնեց. «Այս գիտաժողովը հրաշալի հարթակ է, որ հնարավորություն է տալիս մեզ` տեղաբնիկ ժողովուրդներիս արտահայտվելու մեր ցավոտ խնդիրների մասին: Ցավոք, Հարավային Կովկասի տեղաբնիկ ժողովուրդները զրկված են նման հնարավորություններից, չունեն իրենց ամբիոնները, հարթակները բարձրաձայնելու համար իրենց հուզող հարցերը: Իսկ մենք այնքան շատ գիտնականներ ու գործիչներ եւ ասելիք ունենք»,-ասաց մեր զրուցակիցը:
«Ես` Վագիֆ Քերիմովս, պաշտոնական կարգավիճակ չունեմ այս գիտաժողովում, նախագահ չեմ, ինչ-որ կազմակերպության հիմնադիր չեմ, ես լեզգի մենթալիտետի, ինքնության, գենետիկ կոդի կրողն եմ, ես իմ ժողովրդի ներկայացուցիչն եմ, որը խոսում է պարզ, առանց երկերեսանության: Այս գիտաժողովի նպատակը առավել քան կարեւոր է, իսկ մեր խնդիրներն էլ հայտնի են բոլորին:
Ցավոք լեզգիներն այսօր գտնվում են Ռուսաստանի եւ Թուրքիայի կայսերապաշտական քմահաճությունների ներքո, մենք ռուսական եւ թուրքական գաղափարախոսությունների ճնշման տակ ենք: Ի տարբերություն մեզ` դուք ունեք պետականություն, Սփյուռք, դուք Սպարտա ունեք` Ղարաբաղ անունով: Մենք նայում ենք ձեզ, սովորում ենք: Ես գալիս եմ գիտաժողովի, լսում եմ, նշումներ եմ կատարում…Հայերն ու լեզգիները պատմականորեն լավ հարաբերություններ են ունեցել, գուցե ինչ-ինչ խնդիրներ եղել են, սակայն դրանք այնքան աննշան են եղել, որ քննարկման ենթակա չեն: Չնայած ադրբեջանական քարոզչամեքենան երբեմն փորձում է դրանից էլ օգտվել»,-ասաց լեզգի գործիչը:
Կարդացեք նաև
Վագիֆ Քերիմովը շեշտում է. «Լեզգիները ժողովուրդ են, որն ունի իր առանձին լեզուն, մշակույթը, ծագումնաբանությունը, իր պատմական հողերը, իր ավանդույթները, պատմական հիշողությունը, մենք ուզում ենք վերածնվել…»:
Մեր զրուցակիցը ժպտալով պատմում է, որ իր կողքին նստած մարդաբանը իսկույն հասկացել է իր ազգությունը, ծանոթացել են, խոսել իր ժողովրդից` մարդաբանական համատեքստում:
Քերիմովն ասում է, որ կարգախոս ունի. «Լեզգիները եղել են, կան ու կլինեն»:
Նաեւ հավելում է. «Քաղաքական գործիչներն ինչ ասես կարող են անել, բայց ժողովուրդները պետք է բարեկամություն անեն եւ չայրեն կամուրջները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ