ՊՆ-ի կազմում կլինի Բանակի մարզական ակումբ՝ ԲՄԱ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այդ մասին հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Օրենսդրական փոփոխությունները մենք ներկայացրել ենք եւ դրանք քննարկման փուլում են: Մասնավորապես՝ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները եւ զինվորական հաստատությունների եւ զորամասերի մասին օրենքում փոփոխությունները, որով արդեն օրենքով սահմանելու ենք Բանակի մարզական ակումբի (ԲՄԱ) գոյությունը: Դուք գիտեք, որ մեր մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Մոտ մեկ տարի է, որ քննարկումներն ընթանում են եւ կառավարությունը հավանությունը տվել է: Հիմա դա ԱԺ-ում է, ինչը հնարավորություն է ստեղծելու՝ ունենալ Բանակի մարզական ակումբը, որտեղ կզորակոչվեն սպորտում արդեն իսկ նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդ մարզիկները», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ