Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, Ազարյան Ալիկն իմ ընկերն է, ոչ միայն գործընկեր». Մխիթար Պապոյան

Դեկտեմբեր 06,2019 15:50

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի գործով ներգրավված դատախազների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննության նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը համաձայնեց մեղադրող դատախազի միջնորդությանը և հայտնեց, որ իր համար էլ կասկածահարույց է այն ակտը, որը կարող է դատավոր Մխիթար Պապոյանը կայացնել: Նա ասաց. «Որոշակի խմբավորում, որոնք համակրանք ունեն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, կայացնում են այնպիսի ակտեր, որոնց արդարացի վրդովմունք են առաջացնում պաշտպանների կողմից: Այդ անձանց հետ Ձեր մտերմությունը թույլ է տալիս այն եզրակացության հանգել, որ այս գործը և ակտը և ձեր անաչառությունն արդեն կասկածի տակ է»:

Նախագահող դատավորը հարցրեց՝ խմբավորումը չհասկացա, տիկին Սաֆարյան, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Ասում եմ՝ Դուք, Ազարյանը, երեքդ էլ ունեք ուղղորդված համակրանք Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: Կոնկրետ Ազարյանն իր որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը, և դա վտանգ է ստեղծել: Դուք ոչ միայն գործընկերներ եք, այլև ընկերներ, դա ինձ մոտ նման համոզմունք է առաջացրել»:

Մխիթար Պապոյանը հարցրեց՝ եթե որևէ դատավորի հետ ընկեր եմ, չե՞մ կարող նրա որոշմանը հակառակվել, Սեդա Սաֆարյանն ասաց, թե չի ուզում վիճել: Դատավորը որպես ի գիտություն ասաց. «Այո, Ազարյան Ալիկն իմ ընկերն է, ոչ միայն գործընկեր: Մինչև Ազարյան Ալիկի՝ քրեական վերաքննիչ դատարան տեղափոխվելը, եղել է դեպք, որ նրա դատական ակտի հետ չհամաձայնելով՝ Վերաքննիչ դատարանում որպես դատավոր բեկանել եմ»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկեցին միջնորդությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց. «Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմքեր առկա չեն: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ գործընթացը, որ սկսվել է Արտակ Գալստյանի կողմից, նախապես պատրաստված սադրանք է, որպեսզի այն դատավորները, որոնք, ենթադրենք, մեր ընդդիմախոս իրավապահ մարմինները գտնում են, որ կլինեն անաչառ, որ այդ դատավորները չմասնակցեն այս գործով դատաքննությանը: Այն մթնոլորտը, հանրապետությունում ստեղծվել է դատական համակարգի նկատմամբ, վախի մթնոլորտ է, որ այս գործը որևէ մեկը չվերցնի վարույթ: Անկյուններում էլ խոսում են, կարծեմ կան նաև կարգապահական վարույթ հարուցելու փորձեր այն դատավորների նկատմամբ, որոնք փորձել են հրաժարվել իրականացնել արդարադատություն: Եթե դատավորի կողմից պիտի ընդունվի ինքնաբացարկի միջնորդությունը, մեզ մոտ էլ կարող է կասկած առաջանալ, որ դա նրա համար է, որ կոնկրետ դուք այդ գործը չվարեք»:

Տուժողի պաշտպան Արա Ղարագյոզյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո վարչապետն ու կառավարությունն ամեն ինչ անում են դատարաններն անկախ պահելու համար: Ի պատասխան նախագահող դատավորն ասաց. «Դատական համակարգը անկախ չէ՞: Ես որպես դատավոր եղել եմ միշտ անկախ այս տարիների ընթացքում և կշարունակեմ լինել անկախ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031