ԱԺ-ում այսօր քննարկվում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 12 տարվա ազատազրկում սահմանել՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրերում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի, բռնության կամ արժանապատվությունը նվաստացնելու միջոցով ինքնասպանության դրդելու համար: Այս կերպ ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացվում է:
Նաիրա Զոհրաբյանը կրկին շեշտեց բանակում տիրող մթնոլորտը, որը, նրա բնորոշմամբ, «դեդավշինայի» ենթամշակույթ է: «Մի դեպք է եղել բանակում: Զինվորը դիմել է ինքնասպանության, որովհետեւ իր զինվոր ընկերը ցույց է տվել մի տեսանյութ՝ նրա մոր հետ կապված, եւ ասել էր՝ նայի, տես, թե ով է քո մայրը»,-ամբիոնից նման դեպք պատմեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորներից մեկը շեշտեց զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու հանգամանքը: Զոհրաբյանը նախ նշեց՝ այսպիսի մեկ դեպքը բավարար է, որպեսզի զինվորի արժանապատվությունը համարվի նվաստացած. «Բայց երբ խոսում էինք քրեական իրավունքի մասնագետների հետ, ասացին, որ դա չի կարելի դիտարկել արժանապատվության պարբերական նվաստացում: Իսկ պարբերաբարն այն է, երբ, օրինակ, հրամանատարը պարբերաբար զինվորին նվաստացնում է, հրամայում կոշիկը տանել, լվանալ: Մի դեպքի պատճառով զինվորը կարող է ծայրահեղ քայլի դիմել, բայց օրինագծում պարբերականությունն էլ կներառենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ