Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական մարմիններն ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 06,2019 14:19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննության նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա հայտարարեց. «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ դատավորի անաչառության նկատմամբ: 2019 թվականի մայիսի 21-ին հոդված է տպագրվել, որ դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում: Մայիսի 20-ին ֆեյսբուքի օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակել է գրառում՝ վերտառությամբ, թե ովքեր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը: Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, այդ թվում նաև նշվում է Մխիթար Պապոյանի անունը: Այս հանգամանքները քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով և այդ հանգամանքը շարունակում է ստուգվել քննվող քրեական գործով: Այս հանգամանքներն այնքանով, որքանով այլ երաշխիքներով չեն կարող չեզոքացնել, ուստի մեր համոզմամբ բացառում են սույն գործով վարույթին դատավորի մասնակցությունը, հետևաբար միջնորդում եմ Ձեզ ինքնաբացարկ հայտնել»:

Մյուս դատախազները միացան միջնորդությանը:

Դատախազների միջնորդությանն առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց. «Միջնորդությունն իր ձևով ինքնաբացարկի միջնորդություն է, բայց իր իրական բովանդակությամբ հետևյալ միջնորդությունն է: Միջնորդում ենք գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին: Միջնորդությունն ակնհայտ անհիմն է և անհեթեթության հասնող՝ օրենքին վերաբերող վրիպակներով»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատավորի ընկերական հարաբերությունների մասին հիմնավորման առիթով ասաց. «Ընկերական հարաբերությունները չեն կարող լինել հիմք, որ անաչառությունը սահմանափակվի»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ իր փաստաբանների կարծիքին և հայտարարեց. «Փաստաբան Ալումյանը փորձեց ներկայացնել, որ սա մի գործիք է ձևավորում, որը երկու կողմն էլ կարող է կիրառել դատական պրակտիկայում: Օրինակ՝ իմ կողմնակիցները սկսեն ինչ-որ ձևով արտահայտվել դատախազների նկատմամբ, այլ դատավորների՝ ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը կարող է սկսել կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների մասին, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է: Քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում: Սա միակողմանի օգտագործվող գործիք է լինում, այդ ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող իրենց համար անընդունելի անկախ դատավորներին, շարքից հանել նման քրեական գործերով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031