Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ստվերն է. Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 06,2019 13:56

«Դե պատկերացրեք, ինչ ծանր է Նիկոլ Փաշինյանի քարոզչական վիճակը, եթե նրան Մարուքյանն է պաշտպանում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, նախօրեին խորհրդարանում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ նրան առաջադրված մեղադրանքին`զարմացել էր, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանից նեղանում, երբ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:

Արմեն Աշոտյանը Էդմոն Մարուքյանին հիշեցնում է, որ այս մեկ տարվա ընթացքում իրեն լքեցին իր սանիկը, վարչության անդամը եւ իր շնորհիվ պատգամավոր դարձած անձը: ՀՀԿ-ի գնահատականով, «Լուսավոր Հայաստանը» դարձել է այս իշխանությունների ստվերը. «Բայց հիշեք մի կարեւոր բան ֆիզիկայից. ստվերը գոյություն ունի, քանի արեւ կա, քանի Նիկոլ Փաշինյանի գործերը լավ են, այդ ստվերը գոյություն կունենա, բայց հենց այդ արեւը խամրեց, ստվերն էլ է վերանալու»:

Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի իրավական մանրամասներին չանդրադարձավ, ասաց՝ դա այս օրերի ընթացքում արել է պաշտպանական թիմը`հնարավորության սահմաններում, եկող շաբաթ էլ ասուլիս կհրավիրվի եւ նորից կխոսեն իրավական հարցերի մասին: Արմեն Աշոտյանն ասում է` նախաքննական գաղտնիքից ելնելով, իրենք դեռ չեն կարող շատ բաց խոսել առաջադրված մեղադրանքի մասին, ինչը կմերկացնի գործի շինծու բնույթը, բայց մի բան ինքն այսօր վստահ կարող է հայտարարել. «Մենք վստահ ենք, որ Սերժ Սարգսյանը հրահանգ չի տվել «Ֆլեշ»-ից վառելիք գնելու»:

Այն, որ հարուցված քրեական գործը ծիծաղելի է, Արմեն Աշոտյանի համար վառ ապացույց է իմքայլական որոշ պատգամավորների մանթրաշը. «Երեկ իրենք խորհրդարանում հարցազրույցներ էին տալիս, ասում էին`տասը տարի Սերժը կառավարել է, 1,5 տարի մենք իշխանության ենք, ընկել ենք հետեւից մի՞թե սա ենք կարողացել ընդամենը բռնել»: Իշխանականների մանթրաշը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, նաեւ նրանից էր, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը կամ առաջադրված մեղադրանքը «չբերեցին էյֆորիկ դոզայի, որի հույսն իրենք ունեին»:

Նա հիշեցրեց ռուսական ասացվածքը`«ռազմախ ստօ պուդովիյ, ուդառ`…»:

Հիշեցնելով, որ պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին`Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը առոչինչ ճանաչելու`ելնելով գործառութային անձեռնմխելիությունից, Արմեն Աշոտյանը հստակեցնում է. «Դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը սխալ բան է արել եւ ինքը անձեռնմխելի է. Սերժ Սարգսյանը անձեռնմխելի է ու վատ բան չի արել»:

Երեկ հետեւելով այս գործի վերաբերյալ սոցիալական ցանցերի անցուդարձին, Արմեն Աշոտյանը այսպիսի եզրակացության է հանգել`մարդիկ, որոնց դժվար է մեղադրել իրենց համակիրը լինելու մեջ, մոտավորապես ասում էին. «Եթե իմանանք, որ սա է Սերժ Սարգսյանի արածը այս տասը տարիների ընթացքում, կգնանք ներողություն կխնդրենք նրանից: Սա է այս ամենի վերաբերյալ հանրային ընկալումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031