«Անկախ բանակցությունների կոշտ կամ փափուկ լինելուց, մենք պետք է իրականացնենք մեր գործունեությունը, իսկ այդ գործունեությունն, ինչպես այսօրվա գիտաժողովն է ցույց տալիս, միտված է մեր մշակութային, գիտական, ինտելեկտուալ գերակայության հաստատմանը` մեր հանդեպ ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեցող Ադրբեջանական հանրապետության նկատմամբ»,-ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` վկայակոչելով «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի կողմից։
«Ադրբեջանը մի պետություն է, նաեւ այս բանակցությունների փորձն է ցույց տալիս, որ Հայաստանի հանդեպ որեւէ դիրքորոշում չի փոխել եւ տեսնում է Արցախի հիմնախնդրի կարգավորումը բացառապես սեփական շահերի տիրույթում: Հետեւաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր պատկան մարմին պետք է զբաղվի իր գործով, եթե արտգործնախարարությունը զբաղված է բանակցություններով, ապա գիտական հաստատությունները` հաշվի առնելով մեր ունեցած գիտական ներուժը, մշակութային, գիտական, հասարակական կապերը Ադրբեջանը բնակեցնող տեղաբնիկ ժողովուրդների հետ, պետք է այս բնակչության հետ աշխատի ստեղծել նույն խաղաղության մթնոլորտը, որին բուն իմաստով Բաքվի վարչակարգը պատրաստ չէ»,-հավելեց պարոն Ոսկանյանը:
«Մենք խաղաղության կարող ենք գնալ, եւ մեզ հետ խաղաղության գնալուն պատրաստ են թալիշները, ավարները, լեզգինները` համենայն դեպս իրենց մտավորական վերնախավի մակարդակով: Այս իմաստով Բաքվի վարչակարգը տեղ ունի մտածելու, որովհետեւ հակառակ պարագայում մենք պետք է ստեղծենք Հայաստանի եւ տեղաբնիկ ժողովուրդների միջեւ դաշինք: Այս դաշինքը կարող է լինել սկզբնապես ակադեմիական, գիտական եւ հասարակական մակարդակով, բայց չի բացառվում, որ կարող է վերաճել նաեւ քաղաքական դաշինքի:
Յուրաքանչյուր ռազմատենչ, հակահայկական հայտարարությունից առաջ Ադրբեջանական հանրապետությունը պետք է շատ լրջորեն մտածի` արդյոք պատրաստ կլինե՞ն դիմակայելու սեփական երկրի ներսում տեղաբնիկ ժողովուրդներին, որոնք Հայաստանի հանդեպ ունեն բարեկամական վերաբերմունք: Ես չեմ ուզում ավելորդ սպասումներ առաջացնել մեր հասարակության մեջ այս հարթությունում, բայց մենք գնում ենք այդ ուղղությամբ, եւ հուսով եմ, որ կհասնենք հաջողության»,-շեշտեց արեւելագետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ