ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ, Փաշինյան-Մնացականյան զույգի 1,5-ամյա դեգերումները Արցախի խնդրի կարգավորման հարցում, հանգեցրին նրան, որ վերահաս ճգնաժամից եւ պատասխանատվությունից խուսափելու համար, որպես փրկօղակ, վերջիններս բռնվեցին Սարգսյան-Նալբանդյան զույգի թողած ժառանգությունից: Երեկ Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը լսելիս, հարցի լուծումը երեք ժողովրդներին ընդունելի լինելու մտքից զատ, Արմեն Աշոտյանի մոտ տպավորություն է եղել, որ Էդուարդ Նալբանդյանն էր խոսում: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանը տարակուսեց`ի՞նչ կարիք կար 1,5 տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել`սեփական կետից եմ սկսում հարցի կարգավորումը եւ վերջում, որպես փրկօղակ, բռնվել Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից: Խոշոր հաշվով, ՀՀԿ փոխնախագահն արձանագրում է. «Սերժը փրկեց Նիկոլին»:
Այնուհանդերձ, բանախոսի համար մշուշոտ է Բրատիսլավայում տեղի ունեցածը, ասում է`պետք է հասկանալ, թե ի՞նչ կատարվեց այնտեղ, քանի որ տեղեկատվական հոսքերի դիսոնանս կար: Նա ՀՀ թափանցիկ իշխանություններից սպասում է հարցերի պատասխանների`ի՞նչ է տեղի ունեցել իրականում Բրատիսլավայում, ո՞ւմ եւ ի՞նչ էին խոստացել, ինչո՞ւ այդ հանդիպումն այդպես էլ ռեալ չներկայացվեց հանրությանը եւ ի՞նչ կատարվեց վերջում: Իսկ մինչ այդ, նա արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը` հայկական կողմի համար որոշ վիճահարույց կետեր պարունակելով հանդերձ, վերջին մեկուկես տարվա ընթացքում լավագույնն է, քանի որ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ՄԽ համանախագահների եւ նրանց հայտարարությունների`գործընթացի բաղկացուցիչ մաս լինելու մասին, կրկին խոսվում է 2016-ին Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին, թեեւ հատվածական:
Բացասական հետեւանքներից նա նշում է ժամանակի կորուստը եւ փախստականների վերադարձի հետ կապված ամրագրումները, հայկական կողմի անհասկանալի «խաղաղասիրական մեսիջները»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնի «պլան Բ»-ին եւ պետք է սկսի փլատակները մաքրել`հրապարակային հայտարարելով, որ զեբրի`սեւի ու սպիտակի դարաշրջանը մեր քաղաքական ու հասարակական կյանքում ավարտված է, պետք է հասկանա, որ հասարակական լարումների փոխարեն համախմբում է պետք եւ եկող տարի նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա նկատում է, որ տարածաշրջանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ Արցախի հարցը մեծ աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա ածանցվող հարց է: Իսկ այդ համատեքստում վերահաս վտանգներին դիմագրավելու համար, մեզ հասարակական եւ քաղաքական համախմբում է պետք: Գտնում է, որ գործող խորհրդարանը ի զորու չէ հաղթահարել քաղաքական վտանգները, մանավանդ, որ չի արտացոլում հասարակական ներկապնակը եւ ճաշակը: «Մեր իշխանությանը հարկավոր է ոչ թե սեփական պատկերով գուլպա կամ մոմ, այլ կոնսոլիդացված քաղաքական միտք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ