Ներկայացնում ենք գրող, բ. գ. թ. Ժաննա Հակոբյանի հուշերը Հովհաննես Մելքոնյանի մասին
Մի խումբ գրողներով Հովհաննես Մելքոնյանի ուղեկցությամբ հյուր էինք գնացել նրա ընկերներից մեկի ամառանոցը: Այնտեղ ընթրեցինք, բավականաչափ ուրախացանք: Մութն ընկել էր արդեն, երբ մեքենայով ետդարձի ճանապարհին ես առաջարկեցի մտնել ճամփեզրին ձգված անտառ եւ այնտեղ պարել: Իմ խենթ առաջարկին միացան մյուսները: Միացրինք մեքենայի լույսերը, նաեւ ուրախ երաժշտություն եւ սկսեցինք պարել: Հովհաննեսը սկզբում չհամաձայնվեց, բայց հետո, երբ ես խնդրանքով նրա ձեռքից բռնեցի, նա մեղավոր ժպիտով մեզ միացավ: Եվ բոլորս միասին պարեցինք գիշերային անտառում: Կյանքում երբեւիցե նման խենթ քայլ չէի արել:
… Մի անգամ էլ գրողներով ինձ մոտ էին հավաքվել: Ներկա էին նաեւ երգիծաբաններ Հրանտ Հորիզոնը եւ Գուրգեն Լոռեցին: Ես բնականաբար որոշ ուտելիքներ էի շարել սեղանին, եւ տղամարդիկ ուրախ կատակում, զրուցում ու խմում էին: Մի պահ Հովհաննեսն ինձ դիմեց.
-Էդ գառան խաշլաման չեփվե՞ց:
Կարդացեք նաև
Ես բարեհամբույր ժպտացի.
-Դեռ՝ ոչ: Հիմա մի քիչ օղի կլցնեմ, որ շուտ եփվի:
-Չէ՛, նման բան չանես,-պատասխանեց նա: -Իմ բաժին օղին կպակասի:
Բոլորս ուրախ հռհռացինք:
… Տարիներ առաջ «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպիս հատվածները տպագրվում էին հանրապետական տարբեր թերթերում («Գրական թերթ», «Հայրենի եզերք», «Հանուն հայրենիքի»), նաեւ իմ հրատարակած «Պետություն եւ գործարարություն» թերթի ամենամյա էջերում: Հովհաննեսը սիրով էր ընթերցում դրանք եւ միշտ սպասում էր իմ թերթի լույսընծայման հաջորդ համարին: Մի անգամ նա ասաց. «Ինձ ապշեցնում է քո հայրենասիրական ջիղը: Հրաշալի ես ներկայացնում ոչ միայն մարտական գործողությունները, այլեւ սերունդների՝ հայրերի ու որդիների սերտ կապը, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի: Հետեւելով նրանց զրույցներին, ես միշտ հիշում եմ հորս»: Ավա՜ղ, նա ուզում էր հոդված գրել արդեն տպագրված պատմավեպիս մասին, բայց չհասցրեց:
«Առավոտ» օրաթերթ
6.12.2019