Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կրկին արդիական դարձավ Արցախի՝ հակամարտության բանակցային գործընթացին մասնակցության հարցը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարեց, որ ինքը միանձնյա հարցը չի լուծելու։ Խնդիրը պետք է կարգավորվի նաեւ Արցախի ժողովրդի համաձայնության դեպքում միայն։ Եվ պարզվում է՝ դեռ ոչ շատ հեռավոր 1993-ին Արցախին որպես կողմ է ընկալել նաեւ հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը։
Այս բացահայտումը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա մեզ հետ հեռախոսազրույցում գաղտնազերծեց մի կարեւոր փաստաթուղթ։ Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարների հետ (տե՛ս լուսանկարը)։ «Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորում է Գերագույն մարմնի ղեկավար Ա. Ջալիլոդին բանակցություններ վարել Ադրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարների հանդիպման շուրջ»։ Այսինքն՝ Ադրբեջանում դեռ 1993-ից ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսօր արդեն Արցախի Հանրապետության) գոյությունը ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե։ Այս փաստաթուղթը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ բանակցային գործընթացում, եթե հայկական կողմը սկսի լրջորեն առաջ տանել հենց հայր Ալիեւի ձեւակերպումը։
Այս կարեւոր բացահայտումը հատկապես հետաքրքիր է նախօրեին տեղի ունեցածի ֆոնին, երբ Սլովիակիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ դրեց իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Էլմար Մամեդյարովը, ինչպես հետագայում պարզվեց, իր հետ Բրատիսլավա էր տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված՝ պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ, որում ասվում է. «Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»։ Հաջորդիվ Բաքուն պահանջում է ադրբեջանական բնակչության վերադարձ՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ։
Ստացվում է՝ Ադրբեջանը շեղվել է հայր Ալիեւի սկզբունքներից, քանի որ մեր ձեռքի տակ հայտնված փաստաթուղթն ու ձեւակերպումներն, ըստ էության, հակասում են Ադրբեջանի հիմնական ձեւակերպումներին եւ հիմնավորում Արցախի անխուսափելի մասնակցությունը բանակցություններին։
Կարդացեք նաև
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում