Մեկ տարվա ընթացքում Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ տասն անգամ։ Ըստ մասնագետների՝ խեցգետնի պաշարների կտրուկ նվազման երկու պատճառ կա՝ որսն ու խեցգետիններին պատուհասած հիվանդությունը։
Լճում խեցգետնի ծավալների կրճատման հիմնական պատճառը, ըստ ինստիտուտի փորձագետների, գերորսն է։ Չնայած նախորդ տարի սահմանվել էր, որ միայն 350 տոննա խեցգետնի որսի թույլտվություն կա, բայց այդ թիվն արդեն մի քանի անգամ գերազանցվել է։
«Եթե մի ժամանակ, 2 օր թակարդ դնելով բռնում էին 4-8 կգ խեցգետին, ապա հիմա 20 օր դնում են եւ 4 կգ են բռնում։ Դա չտեսնված բան է»,- նկատեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկելու է խեցգետնի որսի արգելք սահմանել։
Կարդացեք նաև
Ի դեպ, կառավարությունը որոշել է Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության արդյունագործական ձկնորսության մշակած կարգն այժմ քննարկման փուլում է։ Այն պիլոտային ծրագիր է լինելու, կիրառվելու է 150 տոննա ձկան համար։ Ընդ որում, ծրագրի նպատակը նախարարությունը երկու տարբերակով է բացատրում. վերջին 2 տարիներին սիգի արդյունագործական պաշարներն ավելացել են և հարկավոր է արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել, որպեսզի սիգի պահածոյի արտադրությունն ու արտահանումը վերահսկողության տակ լինի։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում