Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում եք՝ ինչի՞ մեզ ճիշտը չեք ասում, բայց ճիշտը ո՞վ գիտի, մեկը գիտի՞ ճիշտը». Գաբրիել Բալայանը՝ մահացած զինվորի մասին

Դեկտեմբեր 06,2019 12:38

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն օրերս բողոքի ցույց էին անում ԱԺ շենքի մոտ ու սպառնում որդու դին բերել ու դնել ԱԺ-ի մոտ: Նրանք պահանջում էին տեղեկություն, թե ինչ հանգամանքներում են իրենց որդուն սպանել:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այս առնչությամբ ասաց. «Որեւէ հիմք չկա պնդելու, որ թաքցրել ենք ծնողներից: ՊՆ-ն այնքան բաց, որքան հիմա է, երբեւիցե չի եղել: Ժամերի ընթացքում ցանկացած դեպք հաղորդվում է: Ի պաշտոնե ինձ հասած տեղեկությունները ես չեմ կարող հիմա հրապարակել, ես ունեմ նախնական վարկածները, որոնք չեն հրապարակվել: Ավելին ասեմ՝ ես տեսա մի կին, որը ներկայացավ փաստաբան, եւ որը հստակ իրականությանը ոչ համապատասխանող տեղեկություններ էր հայտնում: Բայց այն, ինչ ես տեղեկացված եմ, համարվում են ծառայողական գաղտնիք, եւ ես չեմ կարող հրապարակել: Այն վարկածները, որ քննարկվում են, շատ դեպքերում քրգործի վարույթն իրականացնող մարմինը միգուցե այլ վարկածներ ունենա, եւ այն վարկածները, որոնք մենք հրապարակենք ու հետո նախաքննության ընթացքում այլ բան պարզվի, դուք մեզ կմեղադրեք սուտ խոսելու մեջ»:

Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ երբ մահացած զինվորի ծնողները գնացել են Արցախի հանրապետություն, ե՛ւ զորամասի հրամանատարը, ե՛ւ դիվիզիայի հրամանատարը, ե՛ւ ՊԲ հրամանատարի տեղակալը, բոլորը հանդիպումներ ունեցել են իրենց հետ, բոլորը եկել, մասնակցել են ե՛ւ հոգեհանգստին, ե՛ւ հուղարկավորությանը. «Ամբողջ ծավալով մենք փորձել ենք նաեւ այդ վիշտը կիսել նրանց հետ եւ դա կանոնակարգված է: Ցանկացած զինծառայող մեր գործընկերն է ու մեր շարքերից է հեռանում, եւ ամենամեծ ցավը զգացողը զինված ուժերն են՝ հանձինս ՊՆ-ի: Կոչ եմ ուզում անել՝ ձեռնպահ մնացեք ոչ պաշտոնական աղբյուրներից որեւիցե տեղեկատվություն ստանալուց եւ տարածելուց կամ եթե ստանում եք, անպայման ճշտեք պաշտոնական մարմնի հետ: Անմեղության կանխավարկած, նախաքննության գաղտնիք, դրանք պատահական ու մտացածին չեն: Մեզ ասում եք՝ ինչի՞ մեզ ճիշտը չեք ասում, բայց ճիշտը ո՞վ գիտի, մեկը գիտի՞ ճիշտը, մինչեւ քրգործի նախաքննությունը չավարտվի, դատական ակտ չհրապարակվի, որեւիցե մեկը չի կարող պնդել, որ դա ճիշտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031