Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են». Գաբրիել Բալայան

Դեկտեմբեր 06,2019 12:21

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին խոսելիս ասաց, որ մեր արտգործնախարարությունը մշտապես թիկունքում տեսնում է ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի աջակցությունը: Դիտարկմանը, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որ քաղաքական լուծում պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների արդյունքում՝ Բալայանն արձագանքեց. «Լավ է, խելքի են գալիս, որ պետք է բանակցային գործընթացով հարցը կարգավորվի եւ ռազմական հռետորաբանությունը նվազում է»:

Հարցին՝ կարո՞ղ է շփման գծում լարվածություն դիտվի՝ Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Բանակցությունների ցանկացած ընթացքին զինված ուժերը պատրաստ են, խնդրում եմ, անհոգ եղեք, բանակցության ցանկացած ելքին ԶՈՒ-ն պատրաստ է: Բանակցությունների ընթացքը որեւէ ձեւով չի ազդում ԶՈՒ պատրաստվածության վրա, մարտական պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են: Այնքանով այս հարցի պատասխանը պետք է փակել: Որեւէ բանակցային գործընթաց չի սահմանափակում մեր պատրաստությունը: Բոլոր նախատեսված միջոցառումներն իրականացվում են: Այսօր պետբյուջեի քննարկումներն են, վարչապետն էլ հայտարարեց, որ բավական լուրջ ձեռքբերումներ ունենք ԶՈՒ-ում: Դա, իրոք, փաստ է, դեռ շատ բան չենք էլ կարողանում հրապարակել, թե ինչպիսի ձեռքբերումներ ունենք: Այդ առումով, խնդրում եմ, որ ի գիտություն ընդունել, որ որեւիցե բանակցային գործընթաց չի խանգարում, որոշակի առումով օժանդակում է, բայց չի խանգարում մեր ԶՈՒ-ին ավելի մարտունակությունը բարձրացնելու, զգոնությունը բարձրացնելու: Մենք մեր իրավասությունների շրջանակներում ամեն օր զարգացումն ապահովում ենք»:

Գաբրիել Բալայանն ասաց, որ բանակցություններից առաջ որոշակի լարվածություն է նկատվել, բայց վերջին օրերին կրակոցների քանակի կտրուկ ավելացում կամ նվազում չի եղել, եթե չհաշվենք այն դեպքը, երբ հակառակորդի կրակոցի անցած շաբաթ զինծառայողի վիրավորում ունեցանք. «Բավական դրական դինամիկա ունենք իմիջիայլոց, եթե այդ դեպքը չնշենք, որի համար խիստ պատասխան ենք տվել, մնացածն իր ընթացքով գնում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031