ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցումը եւ մեղադրանքի առաջադրումը շաղկապված է նրա եւ ՀՀԿ-ի արտաքին քաղաքական խմորումների հետ. նման հայտարարությամբ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, հանդես եկավ ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը: Նա հաստատեց այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները, որ քրեական գործի հարուցումը եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ, նրա առաջիկա արտասահմանյան այցերը կանխելու փորձ էին:
Ըստ Արմեն Աշոտյանի, Սերժ Սարգսյանը հստակ օրակարգերով առաջիկայում մի քանի արտերկրյա այցեր ուներ. «Սա փորձ է կանխելու նրա արտաքին քաղաքական գործունեությունը: Անձնագիրը Սերժ Սարգսյանի մոտ է, բայց համակարգն այդպիսին է, որ նախագահը սահման հատելու հնարավորություն չի ունենալու»: Բայց սա չի ազդելու ՀՀԿ-ի քաղաքական օրակարգի վրա. հաջորդ տարի պատրաստելու են նախագահի արտասահմանյան այցեր. «Տեսնեմ`քանի՞ գլխանի է այս իշխանությունը, ՀՔԾ-ն, եթե փորձեն թույլ չտալ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ պատվիրակությանը` նշված ժամանակում բացակայելու հանրապետությունից»: Խոսքը վերաբերում է նաեւ Արցախ այցելություններին, քանզի Արմեն Աշոտյանի գնահատմամբ, իշխանության մոլուցքը` արցախյան ներքին իրադարձություններին խառնվելու, որ իշխանությունը ծանր է տանում Սերժ Սարգսյանի այցերն Արցախ, անգամ հայրական տուն:
Վերահաստատելով ՀՀԿ ԳՄ-ի հայտարարությունը եւ մանրամասն ուսումնասիրելով հղումները, որոնք «փորձ են քաղաքական գործընթացին իրավական հղում տալուն», Արմեն Աշոտյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից առաջ հայտնի գաղտնալսման դեպքը, երբ հայտնի իշխանավորներն ասում էին` «Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է»: Արմեն Աշոտյանն էլ հայտարարում է` Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է: ՀՀԿ-ում անհամբեր կսպասեն պատմության դատին, թե ո՞ւմ նկատմամբ հարուցված գործը կլինի կրակ կամ հուր, ո՞ւմ նկատմամբ հարուցված գործը`հող: Արմեն Աշոտյանի գնահատմամբ, այս քրեական գործը արագացնում է Նիկոլ Փաշինյանի դեմ կոնսոլիդացիայի գործընթացը եւ ասում է. «Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանն ասում է`իշխանությունում թող «հույս չունենան», որ Սերժ Սարգսյանին «հանում եք արանքից»`ՀՀԿ-ն փլվում է: Հիշեցնում է`ՀՀԿ-ն երեք լիդեր է կորցրել`Աշոտ Նավասարդյան, Վազգեն Մանուկյան, Անդրանիկ Մարգարյան ու վերապրել է այդ կորուստները: Նա վստահեցնում է, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի անձով չէ պայմանավորված:
Մեքսիկական սերիալների օրինակով՝ չի բացառում, որ Սերժ Սարգսյանին նաեւ կալանավորեն, բայց չի հասկանում, թե դա ի՞նչ է տալու պետությանը: ՀՀԿ-ին, գիտե, թե ինչ է տալու Սերժ Սարգսյանի կալանավորումը, բայց, «եթե իրենց պետք լինի`կկալանավորեն»: Արմեն Աշոտյանն էլ դեմ չէ`«մի քանի ամիս նստել, մինչեւ այս ամենն անցնի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ