Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են տարիներ շարունակ գործող ծրագրերը հանրությանը ներկայացվում որպես նոր ծրագիր. Թադևոս Ավետիսյան

Դեկտեմբեր 06,2019 12:02

Վերջապես՝ շուրջ երկու տարի մշակվելուց ու գովազդվելուց հետո, 2019թ. դեկտեմբերի 5-ին կառավարությունը հաստատեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը  (օրակարգի 29-րդ հարց):

Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզը:

Ցավոք, նորից արձանագրում ենք անհամապատասխանություն՝ ձևավորված հանրային սպասումների և այս դեպքում՝ արդեն հաստատված ռազմավարության:

Խոսքն էլ վերաբերում է գործող իշխանության հռչակած հեղափոխական հիմնարար թեզին՝ «աղքատությունը գլխից հանելուն և աշխատելուն»:

Բերենք բնութագրական մանրամասներ: Կառավարության այս որոշմամբ սահմանվել է՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարությամբ ապագա հինգ տարիների համար նախատեսված ծրագրերը պետական բյուջեից կֆինանսավորվեն, եթե տվյալ տարվա բյուջեում լինի այդ ծախսերի հատկացման հնարավորություն:

Ստացվում է՝ կառավարությունը չափելի որևէ պարտավորություն չի վերցնում իր ռազմավարության իրականացման հիմնական պայմանը՝ ֆինանսավորումն ապահովելու համար:

Ոչ ֆինանսական ցուցանիշների թիրախավորումը ևս որևէ աղերս չունի նախապես խոստացվածի հետ:

Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «հազիվ սողացող»:

Մասնավորապես, «Աշխատիր Հայաստան» ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար էլ ապագա 5 տարիներին թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ:

Պատկերն ամբողջացնելու համար բերենք հատկանշական ևս 2 ցուցանիշներ, որոնց մասին բազմիցս ենք հայտնել մեր առարկայական մտահոգությունները: 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, իսկ 2019 թվականի փաստացի ցուցանիշներով չի գերազանցի 50 տոկոսը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման հետևանքով մեծ թվով գործազուրկներ չեն ընդգրկվել պետական ծրագրերում և չեն տեղավորվել աշխատանքի: Հնարավորությունն արդեն կորցրած գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու համար նախատեսվող շահառուների տարեկան միջին թվի 125 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ աննախադեպ ցածր կատարողականների հետևանքով նախորդ 2 տարիներին կորցրած հնարավորությունը կվերականգնվի 25 տարի հետո՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ (զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացում՝ տարեկան 5 տոկոսով): Այսպիսով, անհրաժեշտ կլինի իրագործել 5 հատ այսպիսի ռազմավարություն:

Գործող կառավարությունը կունենա արդյո՞ք այդքան ժամանակ, որ իր նախորդ 2 տարիների ձախողումների հետևանքները վերականգնի՝ զբաղվածության ծրագրերի իրականացման ոլորտում:

Այսքանից հետո մեղմ ասած զարմանալի են ռազմավարության մեջ ներառված «գնահատումները», որոնք վերաբերում են իրենցից առաջ իրականացվող զբաղվածության քաղաքականությանը: Ասենք օրինակ՝ ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակն է ցածր, առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ պետությունը պիտի սահմաներ այլ առաջնահերթություններ և այլն:

Նախորդ շրջանը գնահատելու պարագայում օբյեկտիվորեն անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդպես էլ անպատասխան մնացած բազում հարցերի, որոնք բազմիցս բարձրացրել ենք իշխանափոխությունից հետո՝

  • 2018-2019 թվականներին զբաղվածության ծրագրերի աննախադեպ թերակատարումներն արձանագրվել են պատշա՞ճ ուշադրությամբ, թե՞ …,
  • զբաղվածության ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողներն այս ընթացքում յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են օրենքո՞վ՝ կատարողական արդյունքների՞ համար, թե՞ …,
  • ծրագրերը գրավիչ դարձնելու, թե՞ ամեն գնով կատարողական ապահովելու համար է, որ այս ընթացքում հետևողականորեն վերացվում են ծրագրերի ռիսկերի կառավարման և հասցեականության ապահովման գործիքները,
  • ամեն գնով կատարողական ապահովելու համար հիմա էլ նախատեսվում է վերացնե՞լ շահառուների առաջնահերթությունները, որոնք սահմանված են՝ ըստ աշխատաշուկայում գործազուրկների անմրցունակության, բա ո՞ւր մնաց սոցիալական ներառական զարգացումը,
  • ինչո՞ւ է պատասխանատու պետական մարմնի առաջարկով օրենքից հանվում ծրագրերի տարածքային բաշխման և թիրախավորման պահանջն այն դեպքում, երբ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ հիմնավորված է ծրագրերի բաշխման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ աշխատաշուկայի տարածքային առանձնահատկություններով պայմանավորված,
  • ներկայումս որքանո՞վ են համակարգված ծրագրերի հանրայնացման աշխատանքները, իրազեկման ի՞նչ նոր քայլեր են արվել և որքանո՞վ է բարձրացել իրազեկվածության մակարդակը,
  • գործող ծրագրերին ի՞նչ նոր ծրագիր է ավելացել,
  • ինչո՞ւ են տարիներ շարունակ գործող ծրագրերը հանրությանը ներկայացվում՝ որպես նոր ծրագիր, ասենք օրինակ՝ անասնապահության աջակցության ծրագիրը, որը գործում է 2014 թվականից, սակայն 2019 թվականի նոյեմբերին կառավարության նիստում զեկուցվեց՝ որպես նոր ծրագիր,
  • ինչո՞ւ են 2-3 տարով հետաձգվել զբաղվածության ոլորտի տեղեկատվական ապահովման կարևորագույն բարեփոխումները, որոնք մեկնարկել էին դեռևս 2016 թվականից և ձևավորված էին իրական նախադրյալներ՝ 2018 թվականին ավարտելու համար, ասենք օրինակ՝ զբաղվածության առցանց հարթակի մշակումը հետաձգվել է մինչև 2020 թվական, զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական ներքին համակարգը՝ 2021 թվական,
  • զբաղվածության քաղաքականության փոփոխություններ նախաձեռնելիս դիտարկվում է՞ «մի՛ վնասիր» սկզբունքը, որն այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն է,
  • միջազգային անորոշ փորձ վկայակոչելով և թելադրված քաղաքական դրդապատճառներով մասնագիտական գնահատումներ կատարելիս՝ ծանոթացել ե՞ք զբաղվածության գործող մոդելի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձր գնահատականին, ըստ որի՝ մեր երկրում ներդրված նոր ծրագրերը առաջարկվել են ԵԱՏՄ անդամ երկրներին:

Իսկ հուսադրողն էլ այն է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իշխանափոխությունից հետո ձախողված գոնե որոշ բարեփոխումներ վերաիմաստավորվել և ներառվել են «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունում:

Մասնավորապես, 2017 թվականին հաստատվել էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի հայեցակարգը: Դրա հիման վրա էլ մշակվել էր համապատասխան օրենքի նախագիծը, որը գտնվում էր քննարկումների փուլում և պետք է ընդունվեր 2018 թվականին:

Մյուսը՝ 2017 թվականին մշակվել էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ծավալուն նախագիծ: Շահագրգիռ լայն քննարկումների և միջազգային փորձագիտական եզրակացությունների հիման վրա այդ նախագիծը լրամշակվել և 2018 թվականի սկզբին ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը: Նախագիծը բխում էր մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայից վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունից: Ի դեպ, 2018-2019 թվականներին այս նախագծից առանձնացված մի քանի հոդվածներ ընդունվել են՝ որպես իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների նախաձեռնություն:

Իշխանափոխությունից հետո ի՞նչ հիմնավորմամբ և ո՞ւմ թեթև ձեռքով հանվեցին շրջանառությունից օրենսդրական այս նախագծերը և հիմա ի՞նչ հիմնավորմամբ են դրանք կարևորվել և ներառվել «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ:

Առաջիկայում ևս կներկայացնենք օբյեկտիվ այլ հարցեր և սրտացավ գնահատումներ՝ զբաղվածության պետական կարգավորման խորացող խնդիրներին վերաբերող:

 

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող,  տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031