Այսօր, Երևանի պետական համալսարանում ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, թե աշխարհում, թե Հայաստանում մեծապես կանանց ու աղջիկներին խոցող, բայց թաքնված սեռական բռնության ու ոտնձգությունների վերաբերյալ իրազեկման բարձրացման ու համակարգային լուծումների որոնման նպատակով, հրավիրել էր կլոր սեղան քննարկում: Միջոցառմանը աջակցել են Եվրոպական Միությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Ընթացքում, ՀՀ-ում միակ մասնագիտացված ծառայություններ մատուցող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանում իր տասը տարիների փորձառության արդյունքում ձևավորված իրավիճակի գնահատման արդյունքները: «Կանայք ստվերում» արշավի մասնակիցները ներկայացրեցին այս տարվա ամռանը կանանցից հավաքագրված սեռական բռնության անանուն պատմությունները:
Աշխարհի 154 երկիր սեռական ոտնձգությունները կարգավորող օրենսդրություն ունի: Բայցևայնպես, անգամ այդ երկրներում կանայք դեռևս իրենց առօրյա կյանքում ստիպված են առերեսվել սեռական ոտնձգությունների հետ: Հայաստանը այն երկրների շարքում է, որը մասամբ՝ միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքում է ներառել սեռական ոտնձգությունների մասին կարգավորումները: Սոցիոմետր հետազոտական կենտրոնի հարցման համաձայն Հայաստանում յուրաքանչյուր 5 կանանցից մեկը ստիպված է եղել լքելու իր աշխատանքը՝ սեռական ոտնձգության արդյունքում:
Սեռական բնույթի հանցագործությունները խոցում են ոչ միայն մեծահասակներին, այլև՝ վնասում են աղջիկներին, ինչպես նաև՝ տղաներին. աշխարհում 15-ից 19-ը տարեկան 15 միլիոն դեռահաս աղջիկ իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Այնուհանդերձ, մեծ մասը նախընտրում է լռել: Սեռական բռնության ենթարկված դեռահաս աղջիկների միայն 1 տոկոսն է դիմել մասնագիտական աջակցության: Այս փաստը պայմանավորված է խարանի, ինչպես նաև՝ արձագանքման համակարգի նկատմամբ վստահության պակասի առկայությամբ:
Կարդացեք նաև
Խոսնակներն ու մասնակիցները քննարկեցին առաջիկա անելիքներն ու ճանապարհները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը վերջ դնել կանանց ու աղջիկներին նկատմամբ բռնության բոլոր ձևերին, այդ թվում՝ նաև նշելով այն կիրառական քայլերը, որոնք կհանգեցնեն սեռական բնույթի հանցագործությունների կանխարգելման ու արձագանքման համապարփակ համակարգային ձևաչափերի հաստատմանը՝ կրկնակի զոհականացումից պաշտպանելով վերապրածներին և հաստատելով արդարություն:
Մասնակիցները նշեցին, որ յուրաքանչյուրի պատասխանատվությունն է կանխարգելել սեռական ոտնձգություններն ու բռնությունը, ինչպես նաև՝ հասարակության բոլոր անդամների պարտականությունն է ստեղծել բարձրաձայնելու համար նպաստավոր միջավայր, որ ցանկացած կին և աղջիկ անարգել հաղորդի սեռական բռնության կամ ոտնձգության մասին՝ չկորցնելով արդարության վերականգնման ակնկալիքը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ