Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ մեր ազգային բրենդը, և ունե՞նք մենք ազգային բրենդ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2019 11:32

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ 400 հազար դոլարանոց մեր ազգային բրենդը, որը ստեղծվել էր դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք։ Ծրագիրն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) հետ, բայց այդ «հանճարեղ» հայրենասիրական գաղափարը գրվեց սառույցին՝ մենք մնացինք առանց ազգային բրենդի։ Ծրագրի իրականացմամբ զբաղվում էր «Բիզնես Արմենիան», որն այն ժամանակ գտնվում էր էկոնոմիկայի նախարարության կազմում, հիմա գոյություն չունի։ Նախարարը, սակայն, չէր հիշում՝ երբ եւ ինչպես է դա եղել։

«Եկեք մի քանի բան տարանջատենք իրարից։ Ինչ որ Դուք հարցնում եք, ես դա հիմա չեմ կարող պարզաբանել, որովհետեւ «Բիզնես Արմենիան» ունեցել է ժամանակին իր ծրագիրը կամ ունեցել է իր աշխատանքային օրակարգում, հավանական է՝ ունենք նաեւ արձանագրած, թե ինչ են արել։ Բայց մենք երբ որ փոքր բիզնեսի հետ քննարկումներ էինք վարում, ոչ թե ազգային բրենդ, այլ տեսակետ կար, հիշում եք՝ օգոստոս ամսին նաեւ ամփոփ քննարկում ունեցանք եւ պատմեցինք, թե, ընդհանուր առմամբ, տարբեր խմբերի կողմից կար կարծիք, որ եթե առանձին ոլորտներում մենք ունենանք մեկ միասնական բրենդ, օրինակ՝ չիրը, ապա դա ավելի մեծ հաջողություն կունենա շուկաներում առաջխաղացման, քան, երբ փոքր արտադրողները գնում են առանձին-առանձին։ Էդտեղ մենք որոշակի աշխատանք կատարում ենք, որ եթե կառավարությունը պիտի աջակցի նման նախաձեռնությանը, ապա դա ինչ բնույթ պիտի ունենա»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այստեղ պիտի լինի նաեւ միասնական որակի ստանդարտ։

– Բայց հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն ազգային բրենդի ստեղծման համար 400 հազար դոլար էին հատկացրել։ Ի՞նչ եղավ այդ փողը, փոշիացա՞վ։

– Տեսեք, Դուք թիվ եք ասում, ծրագիր եք ասում, ես ոտքի վրա, բանավոր պատասխանեմ մի բանի, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, եւ ինչից ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել։

– Լավ, հիմա մենք թե՛ տնտեսական, թե՛ ազգային առումով ունե՞նք որեւէ բրենդի կոնցեպցիա, որով կարող ենք ներկայանալ աշխարհին։

– Տեսեք, դա մարկետինգային հարց է, որ որոշ տնտեսություններ հաջողությամբ օգտագործում են։ Ես նորից հետ եմ գալիս իմ առաջին պարզաբանմանը, որ կան տեսակետներ, որ կարող են առանձին դեպքերում նպաստել։ Բայց մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն նման դեպքերում, շատ կարեւոր են։ Այսինքն՝ իրենք պետք է լինեն շատ լավ հասկացված։ Օրինակ՝ դա ջրերի դեպքում է երբեմն օգտագործվում, էդպիսի օրինակ էլ եմ ես հիշում, որ եղել է նման կարծիք՝ չիր, ջրեր․․․

– Վարչապետի կողմից կա՞ հանձնարարական՝ ունենալ ազգային բրենդ։

– Վարչապետի կողմից եղել է շատ հստակ հանձնարարական հետեւյալի առնչությամբ՝ ուշադիր լինել բիզնեսի կողմից բարձրացված բոլոր առաջարկություններին, եւ որտեղ կա խելամիտ սահմաններում տեսակետ, մոտեցում, չանտեսել, քննարկել, աջակցել։

– Հետեւելով վարչապետի հայտարարություններին՝ տեսնում ենք, որ արտաքին աշխարհի հետ շփումներում նա ավելի շատ հեղափոխությունն է որպես բրենդ հրամցնում, բայց տնտեսական հարաբերություններում չենք կողմնորոշվում՝ ինչով ներկայանալ։

– Նախ՝ հրամցնել չէ, ներկայացնել, որովհետեւ իմաստային առումով դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այո, ներկայացնել անհրաժեշտ է, որովհետեւ մենք ունենք մեր առանձնահատկությունները, եւ կարծում եմ, որ դա հիմնական հարցը չէ, մենք ունենք բազմաթիվ լավ բաներ, որ վերջին տարիներին իրականություն է, որ կառավարության գործունեության շոշափելի արդյունքն է, եւ մենք հատկապես այդ կետերն ենք առանձնացնում՝ որպես նոր հայկական, տնտեսական իրականության առանձնահատկություններ։

– Որո՞նք, օրինակ։

– Օրինակ՝ արհեստական մենաշնորհների բացառումը, օրինակ՝ կոռուպցիայի բացառումը տնտեսական բոլոր տիպի հարաբերություններում, որոնք որ առնչվում են պետական մարմինների հետ։ Դրանք բաներ են, որոնք որ մենք հեշտ ասում ենք, որովհետեւ մեզ թվում է, որ դրանք էդպես էլ պետք է լինեին, բայց դրանք տրվում են միայն չափազանց հստակ քաղաքական կամքի դեպքում։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ էդ ուղղությամբ ունենք շատ նկատելի փոփոխություններ։ Մի վերլուծություն էր հրապարակվել, միջազգային կազմակերպություններից մեկը հարցում էր կատարել փոքր բիզնեսի շրջանում, եւ առաջին 15 կետերում թվարկված խնդիրների մեջ կոռուպցիան չկար։ Այսինքն, ենթադրում եմ՝ հատկապես հարկային եւ մաքսային մարմինների հետ շփումներում, եթե փոքր բիզնեսը ներկայում տեսներ որեւէ նման խնդիր, ապա այդ 15-ի մեջ կթվարկեր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031