«Ամերիկայի ձայն». Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որեւէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցած քննարկմանն ասաց Ադրբեջանի լրագրող Սեւինչ Օսմանքիզին, ով ստիպված է արտերկրում բնակվել հայրենիքում իր նկատմամբ հետապնդումների պատճառով.
«Նա այցելում է օկուպացված Շուշա, երջանիկ գինի վայելում, պարում: Նա արդեն իսկ 3 թե 4 անգամ այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ դա չէր արել Հայաստանի եւ ոչ մի ղեկավար, քանի որ եթե դու խաղաղ բանակցություններ ես վարում, չպետք է այցելես օկուպացված տարածքներ, իսկ Փաշինյանը նույնիսկ ասաց, թե սա հայերի հողն է»:
Օսմանքիզիի կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը.
«Ավտորիտար ղեկավարներին թշնամի է անհրաժեշտ եւ եթե այդպիսին չկա, նրանք ստեղծում են այդ թշնամուն մարդկանց համախմբելու համար: Կարծում եմ, դա անում են թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում»:
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի նախկին թղթակից, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, ով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն էր, նշեց, որ Սեւինչ Օսմանքիզին փոքր-ինչ սխալվում է ու եթե Հայաստանի նախկին ռեժիմն իրոք օգտագործում էր ղարաբաղյան հակամարտությունն իշխանությունը պահելու համար, ապա ներկա իշխանություններն այլեւս դրա կարիքը չունեն: «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը փոխեց հակամարտության համատեքստը եւ բազմաթիվ այլ բաներ տարածաշրջանում», համոզված է Խառատյանը.
«Այժմ մենք ունենք Հայաստանի պատմության մեջ երեւի թե ամենալեգիտիմ իշխանությունը, որը կարիք չունի շահարկելու հակամարտությունը իշխանության ղեկին մնալու համար»:
Անդրադառնալով տարածաշրջանում մամուլի ազատությանը, Խառատյանը նշեց, որ Հայաստանը մամուլի ազատության մակարդակով այսօր տարածաշրջանի առավել ազատ երկիրն է, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է իշխանությունների հակառակորդ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Ուստի, նաեւ ֆեյք լուրերի մեծ մասը Հայաստանում տարածվում է հենց ներսի ուժերի կողմից:
Վրաստանում իրավիճակն այլ է, նշում է քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Եկատերինա Մագալդադզեն: Այստեղ ակտիվ գործում են Ռուսաստանի կողմից սատարվող կեղծ լուրերի տարածողները: Հատկապես դրանք թիրախավորում են ազգային փոքրամասնությունները, որոնք հաճախ են հետեւում ռուսական լրատվամիջոցներին.
«Նրանք շատ խոցելի են եւ ենթարկվում են ռուսական ապատեղեկատվության հսկայական ալիքի, իսկ Վրաստանի իշխանությունները հաճախ հիշում են նրանց մասին ընտրությունից ընտրություն»:
Ադրբեջանում կեղծիքների տարածման մեջ ներգրավված է հենց այդ երկրի իշխանությունը, համոզված է Սեւինչ Օսմանքիզին: Չնայած Ադրբեջանում գործող ավելի քան 600 լրատվամիջոցների, մամուլի ազատության մասին Ադրբեջանում խոսք լինել չի կարող: Ընդհակառակը, իշխանությունները մասնակցում են հակառակորդների դեմ կեղծ լուրերի տարածման գործին.
«Այդ կեղծ լուրերի, կեղծ լրատվամիջոցների ստեղծման համար Ադրբեջանում հսկայական գումարներ են ծախսվում, խոսքը գնում է միլիոնների, միլիոնավոր դոլարների մասին: Այնտեղ ստեղծվել են թրոլների մի ողջ բանակներ»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Օսմանքիզին նշեց, որ չնայած որոշ խաղաղարար նախաձեռնությունների, ներկա զարգացումներն իրեն լավատեսություն չեն ներշնչում: Այսօր մեծացել է նոր սերունդ, որը չի տեսել լայնածավալ պատերազմի սարսափները եւ պատրաստ է խնդիրը լուծել պատերազմի միջոցով, նշում է ադրբեջանցի լրագրողը: Արսեն Խառատյանն իր կողմից նշեց, որ այնուամենայնիվ ավելի լավատես է.
«Այդ նույն սերունդը կարող է հրաժարվել ռազմականացված հռետորաբանությունից: Իրականում ես թունելի վերջում որոշակի լույս եմ տեսնում»:
Մագալդադզե՞
Գուցե Մագալդա՞Ձե